Կոռուպցիայի դեմ պայքարում Ազգային անվտանգության ծառայությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, հայաստանյան լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետ Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, թե հանձնարարել է, որ կառուցվածքային փոփոխություններ կատարվեն ԱԱԾ մարմիններում, առաջին հերթին կապված վարչապետի հանձնարարության հետ։
«Այսօր՝ վարչապետի ընտրվելուց հետո ավանդական կոռումպացված հիմնարկները ամբողջությամբ դադարեցրել են իրենց հակաօրինական գործունեությունը»,- ասել է ԱԱԾ պետը՝ կոնկրետ օրինակներ չբերելով, միայն նշելով մաքսային, դատական, հարկային, ոստիկանության որոշ ստորաբաժանումներ:
Վանեցյանի խոսքով, այսօր ԱԱԾ-ն նախկինում կատարված հանցագործությունների, այսինքն կոռուպցիոն համաձայնության արդյունքում կոռուպցիոն շղթաների բացահայտում է իրականացնում, եւ կարճ ժամանակում բոլորն ականատես կլինեն խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած անձանց բացահայտմանը եւ օրենքի ուժով պատասխանատության ենթարկմանը։ «Սակայն չի նշանակում, որ գնալու ենք ռեպրեսիաների, վրեժխնդրության։ Լինելու է հրապարակային: Ցանկացած գործ ցանկացած անձի վերաբերյալ այնպես պարզ է լինելու, որ որեւէ մեկի մոտ կասկած չհարուցի։ Ապօրինի հարստացած մարդիկ պետք է վերադարձնեն պետբյուջե, այլ ոչ գնան, նստեն բանտերում եւ ոչինչ չլինի։ Արդյունքում նստելու են մարդիկ, որոնք իրականում չեն հարստացել, աշխատել են աշխատավարձով»,- ասել է Վանեցյանը եւ հավելել. «Մենք հիմա դեպքեր ունենք, որ մարդը չիգիտի, թե իր անունով գրանցված է կազմակերպություն, որը իրականացնում է տնտեսական գործունեություն եւ հարկեր չի վճարում։ Այս պահին ունենք այդպիսի 350 մարդ։ Իրենք սովորական, ծանր սոցիալական վիճակում ապրող մարդիկ են, որոնցից անձնագրերեը վերցրել են, 5, 10, 20 հազար դրամով եւ իրենց անուոնվ գրանցել են ԱՁ-ներ կամ ՍՊԸ-ներ։ Շուտով դուք ականատես կլինեք»։
Նա նշել է, թե առաջիկայում արտերկիր՝ հանդիպման է մեկնում, վերադառնալու է մայիսի 23-ին, եւ կհրապարակվի ամբողջ պատկերը։
Վանեցյանը վերջում վստահեցրել է, որ կոռուպցիոն բացահայտումների մեջ վճռական է տրամադրված: Նա նշել է, որ նույնիսկ վարչապետին է հարցրել, եթե տեղեկություններ լինեն բարձրաստիճան անձանց վերաբերյալ, զեկուցի՞ նրան, թե՞ ոչ։ «Վարչապետն ասաց՝ ինձ չես զեկուցում, օրենքն ինչ պահանջում է, անում ես, նույնիսկ եթե լինեն իմ ամենամտերիմ կուսակիցները, գործընկերները»,- պատմել է Վանեցյանը։











