Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2017 թվականին ստացվել է 2417 դիմում բողոք, որը նախորդ տարվա համեմատ 1300-ով ավելի է: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում «2017թվականի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը ներկայացնելիս նշեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Նրա խոսքով, այս տարվա առաջին եռամսյակում բողոքները 1100-ով ավելի է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ: 2015-ի եւ 2016-ի համեմատության գրեթե 3 անգամ աճել է դրական լուծված հարցերի թիվը:
«2017-ին 15 արտահերթ զեկույց է եղել, որից 13-ը հրապարակվել է, մյուս երկուսը առաջիկայում կհրապարակվի»,-ասաց Թաթոյանը:
Անդրադառնալով ընտրական գործընթացներին, ՄԻ պաշտպանն ասաց, որ իրենց կողմից ընտրական գործընթացների դիտարկման արդյունքներով 2017-ին գրանցվել են մտահոգիչ տեղեկություններ ու դեպքեր ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ. «Տեղ են գտել լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքեր: Արձանագրվել են հանրային ծառայողների, այդ թվում դպրոցների աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելու, ընտրության մասնակցի օգտին քվեարկելու նպատակով ընտրողներին վախեցնելու դեպքեր:
Առկա են եղել աշխատանքից հեռացնելու սպառնալիքի, հարկադրանքի միջոցով աշխատակիցների վրա ներգործելու մասին հրապարակումներ: Ահազանգեր են ստացվել ՄԻՊ-ի թեժ գծին: Այս մասին եղել են հրապարակումներ նաեւ մամուլում:
Այս բոլոր պնդումները ներառված են 2017 թվականի ՄԻՊ-ի հաղորդման մեջ: Տարեկան հաղորդման մեջ նշված է նաեւ, որ արձանագրվել են դեպքեր, երբ ընտրություններ նախապատրաստման ընթացքում ներգրավվել են ուսումնական հաստատությունների աշխատակիցներ, աշակերտների ծնողներին ցուցակագրելու, աշխատավայրում քարոզչություն իրականացնելու, աշխատանքից հեռացվելու սպառնալիքներ ներկայացնելու եղանակներով:
Մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն տարածեց 114 ձայնագրություն դպրոցներում ու մանկապարտեզներում վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ»,-ընդգծեց Արման Թաթոյանը:











