Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցը հանրապետության տարածքում հունվարի 13-19-ին 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում ՀՀ սեյսմոլոգիական ցանցը 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցել է 9 երկրաշարժ: Հունվարի 13-ին Թուրքիայի Դողուբայազետ քաղաքից 36 կմ դեպի հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Հաջորդ օրը Իրանում` Խոյ քաղաքից 39 կմ դեպի հարավ-արեւելք, գրանցվել է երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստան-Ադրբեջան սահմանային  գո¬տում,  Հիրսա (Վրաստան) քաղաքից 45 կմ դեպի հարավ-արեւելք: Նույն ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել հունվարի 17-ին Իրանի Խոյ քաղաքից 18 կմ դեպի հարավ: Այդ օրվա ընթացքում, Խոյից 4 կմ դեպի հարավ-արեւելք եւ 24 կմ դեպի հյուսիս, հաջորդել են 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր: Հունվարի 18-ին երկու երկրաշարժ է տեղի ունեցել, առաջինը Ադրբեջանի Շեկի քաղաքից 17 կմ դեպի հարավ (ուժգնությունը 3 բալ), երկրորդը Իրանի Խոյ քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արեւմուտք (ուժգնությունը 4-5 բալ):

Հունվարի 19-ին, տեղական ժամանակով 13:17–ին, գրանցվել է 7 բալ ուժգնությամբ: Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում է Վրաստանի արեւմտյան հատվածում` Քութաիսի քաղաքից 19 կմ դեպի հարավ, ինչի հետեւանքով էպիկենտրոնային գոտում ընդհատվել է բջջային հեռախոսակապը: Մեր հանրապետության մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Գյումրիում, Վանաձորում, Տաշիրում, Ստեփանավանում եւ Երեւանում այն զգացվել է: