2017 թվականի պետական բյուջեի ծախսային մասի շուրջ 27 տոկոսը բաժին է ընկնում կենսաթոշակներ եւ նպաստներ խմբին, ինչն օրինաչափ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով, ծախսերի մեջ երկրորդն իր մեծությամբ կապիտալ ծախսերն են, որոնք կազմել են 22 տոկոս. «Այստեղ էական կշիռ ունեն պետական պարտքը սպասարկելու տոկոսավճարները: 2016-ի համեմատոությամբ, այս ցուցանիշը մեկ տոկոսով ավելացել է: Եթե 2016-ին պարտքի սպասարկմանն ուղղվել է ծախսերի 7 տոկոսը, ապա 2017-ին 8 տոկոս է: Սա մի փոքր մտահոգիչ է, բայց ամեն ինչ պետք է անել, որ այն մնա կառավարելի միջակայքում»,-ընդգծեց Ջանջուղազյանը:

Նշենք, որ 2017 թվականի պետական բյուջեի ճշտված ծախսային մասը կազմել է շուրջ 1 տրլն 561 մլրդ դրամ: