Վերահաստատում եմ, որ վենդետաներ չեն լինելու, սա ընդամենը Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԱԾ-ի կողմից գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» առեւտրի կենտրոնների ցանցում ստուգումներ անցկացնելու մասին հարցին:
«Սա Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է: Այն, ինչ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, ես վերահաստատում եմ: Բայց որեւէ մեկը չփորձի սա ընկալել որպես թուլության նշան, այլապես ջախջախիչ հակահարված կստանա: Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը բոլորին կոչ արեց «անմնացորդ կատարել պետության առջեւ իրենց պարտավորությունները»:
«Բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից, բայց ոչ մեկը չմտածի, որ կարող է պետությանը խաբել: Բոլորին կոչ եմ անում կամավոր գալ էդ դաշտ, նախկինում չվճարված հարկերը վերահաշվարկել, եւ այդ ամենն ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա: ԱԱԾ-ն ինչ խնդիր դրվի, կլուծի շատ արագ, կոշտ եւ օրինական ճանապարհով: Բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան»,- հավելեց Նիլոլ Փաշինյանը:











