Սա դեմոկրատիա չէ, սա հաշվեհարդար է, այդ թվում քաղաքական գաղափարների եւ քաղաքական կուսակցության պատկանելու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԵՊՀ-ում հայտարարեց համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով փաստին, որ ցուցարար ուսանողները թույլ չէին տալիս ռեկտորին դուրս գալ գիտխորհրդի դահլիճից:
«Համալսարանն ազատ տարածք է, բայց ոչ բռնության տարածք: Ես ռեկտոր եղած ողջ ժամանակաշրջանում երբեք բռնություն չեմ գործադրել, բայց այսօր իմ նկատմամբ կիրառվեց բռնություն: Սա ես համարում եմ անթույլատրելի երեւույթ: Սա դեմոկրատիա չէ, սա հաշվեհարդար է, այդ թվում քաղաքական գաղափարների եւ քաղաքական կուսակցության պատկանելու համար»,-ասաց ռեկտորը:
«Իրենք չգիտեն, թե ինչ է կատարվել համալսարանում: Իրենք ունեն քաղաքական գիծ, որը իրականացնում են: Ես բռնության միջոցով ոչ մի բանի չեմ գնալու, ես կարող եմ անել միայն կամավոր»,-ասաց ԵՊՀ ռեկտորը: Մինչ այդ նա նշել էր, որ հավաքված ուսանողները ընդամենը 150-200 հոգի են, իսկ իր ուսանողների թիվը հասնում է 17 հազարի:
Այս պահին ցուցարար ուսանողները շրջափակել են ռեկտորի աշխատասենյակը եւ պահանջում են նրա հրաժարականը, հայտարարում են, որ չեն հեռանալու, քանի դեռ Արամ Սիմոնյանը հրաժարական չի ներկայացրել:
Նշենք, որ մինչ այդ Արամ Սիմոնյանը հանդիպում էր ունենում ուսանողների հետ, որի ժամանակ նշել էր, որ ուսանողների պահանջը իրավաչափ չէ: «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ ուսանողները հայտարարել էին, որ կմնան ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում այնքան ժամանակ, մինչեւ Արամ Սիմոնյանը հրաժարական տա: ԵՊՀ ռեկտորն էլ արձագանքել էր, որ ուսանողները կարող են մնալ, սակայն ինքը հեռանում է դահլիճից: Սակայն ուսանողները փակեցին նրա ճանապարհը՝ նստելով ելքի հատվածում:
«Սա բացահայտ բռնություն է իմ նկատմամբ եւ ես իրավունք ունեմ ինքս էլ բռնությանը բռնությամբ պատասխանել եւ անցնել»,-ասաց Արամ Սիմոնյանը: Տեսնելով, որ նրա ինքնազգացողությունը լավ չէ, ուսանողները թույլ տվեցին նրան անցնել:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 29-ի առավոտից բողոքի ակցիա է ընթանում ԵՊՀ-ում: մասնավորապես, «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ ուսանողները դասադուլ են հայտարարել եւ մի քանի պահանջ են առաջ քաշել՝ ռեկտորի հրաժարական, բուհի հոգաբարձուների խորհրդի լուծարում, համալսարանում աուդիտի անցկացում, ուսանողական խորհդրի եւ Արհմիության լուծարում:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին թույլ չէին տալիս դուրս գալ գիտխորհրդի դահլիճից (վիդեո, ֆոտոռեպորտաժ)





























