Մեր գերակա նպատակը եղել է գործարքների փաստաթղթավորման վերջնական կայացումը Հայաստանում, որովհետեւ եթե ցանկացած գործարք ճիշտ փաստաթղթավորվի, ապա վարչաչաչության կարիք չի լինի եւ կունանանք հարկային մուտքերի աճ: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը

«Իհարկե, 100-տոկոսանոց արդյունքի չենք հասել, բայց աշխարհում չկա որեւէ երկիր, որտեղ ստվեր չլինի: Մեր գործողությունները միշտ միտված են եղել ստվերի կրճատմանը: Բնական է, որ թիրախում պետք է լինեն խոշոր հարկ վճարողները, որովհետեւ նրանք ապահովում են հարկային եկամուտների շուրջ 80 տոկոսը: Հենց նրանց մոտ կարող են լինել հարկերի պակաս հայտարարագրման դեպքեր»,-ասաց նա:

Մաշադյանի խոսքով, եթե տոկոսաին առումով վերցնենք, ապա ստվերը փոքր հարկ վճարողների մոտ ավելի շատ է, բայց ֆիսկալ էֆեկտը՝ շատ փոքր է:

Հարցին, թե չկա՞ մտավախություն, որ ԱԱԾ-ի կողմից «Երեւան սիթի»-ում լայնածավալ ստուգումները կարող են հակառակ էֆեկտ ունենալ, որը կբերի բիզնեսի փակման, Մաշադյանն ասաց. «Ես չեմ կարող գնահատական տալ, որ այս գործողությունների արդյունքում բիզնեսը կարող է փակվել: Բիզնեսը պետք է կառուցել այնպես, որ դա գոյատեւի եւ արդյունքներ բերի ոչ հարկերի պակաս հաշվարկման հաշվին»:

Նրա խոսքով, ԱԱԾ-ի կողմից գործողություններ իրականացվում են այն սուբյետների մոտ, որոնք «Երեւան սիթի»-ի տարածքում գործել են որպես տնտեսվարող սուբյեկտներ. «Խնդրին տեղյակ ենք եղել երկար տարիներ, քննարկումներ ենք ունեցել: Ես միշտ դա պայմանավորել են հարկային տարբեր ռեժիմների առկայությամբ, ինչպես նաեւ ԱԱՀ-ի գծով որոշակի ոլորտների տրամադրված արտոնություններով: Խոսքը մասնավորապես գյուղմթերքների մասին է: Ոչ միայն «Երեւան սիթիի», այլ մնացած բոլոր ցանցային առեւտրով զբաղվողների մոտ, գնագոյացման ժամանակ նույն շահութաբերության դեպքում՝ վաճառքի գինը ստացվել է ավելի բարձր, քան շրջանառության հարկի դաշտում գործող տնտեսվարողների մոտ: Այդ հարկը վճարում է սպառողը, բայց գնագոյացման ժամանակ այդ գործոնը զգալի նշանակություն է ունեցել, ստացվել են անհավասար գներ ԱԱՀ-ի դաշտում եւ շրջանառության հարկի դաշտում գործողների համար»:

Նշենք, որ մամուլի տեղեկությունների համաձայն, «Երեւան Սիթիի» գլխամասային գրասենյակ են մտել դիմակավորված, համազգեստով անձինք եւ անձանց ուղեկցել դեպի մեքենաները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս տեղեկություն տարածվեց, թե «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նախօրեին լրագրողներին հայտնել էր, որ ՀԴՄ կտրոններ տրամադրելու հետ կապված խնդիրներ կան:

Ավելի ուշ այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել, նշելով. «Այսօր առավոտյան լուրեր են տպագրել, թե իբր ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «Երևան Սիթի»- գլխավոր գրասենյակ և ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի առանձնատուն: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերոհիշյալ գործողությունների հետ ՊԵԿ աշխատակիցները որևէ առնչություն չունեն»: