Ջրի սակագնի իջեցում այս պահի դրությամբ հնարավոր չէ: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը։
Նրա խոսքով, 2016 թվականին կառավարության կողմից միջազգային մրցույթ էր հայտարարվել, որին հաղթող էր ճանաչվել «Վեոլա ջուր» ՓԲԸ-ն. «Որպես մրցույթային պայման եղել է նաեւ սակագնային համաձայնագիրը եւ սակագնային սցենարը ապագա 15 տարվա վարձակալության համար։ Ըստ այդ սցենարի՝ մինչեւ 2023 թվականը յուրաքանչյուր տարի սակագնի աճ է նախատեսվում, իսկ 2023 թվականից հետո դեպի նվազում մինչեւ վարձակալության 15 տարվա ավարտը»:
Բացի այդ սցենարից, ըստ Սողոմոնյանի, նաեւ ճշգրտման մեխանիզմներ են դրված, որ սակագինը յուրաքանչյուր տարի պետք է ճշգրտվի. «Հիմնական ճշգրտվող գործոններն են՝ էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, սղաճը, եւ նախատեսված է նույն սակագնային սցենարներով խմելու ջրի մատակարարման ծավալների փոփոխություն։ Ինչպես յուրաքանչյուր տարի այս տարի եւս մինչեւ օգոստոսի առաջին կեսը «Վեոլա ջուր» կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով կներկայացնի հայտը եւ ըստ այդմ կուսումնասիրենք»:
Հարցին, ի՞նչ սակագնի նվազեցման հնարավորության մասին է խոսքը, Սողոմոնյանը պատասխանեց. «Ջրի սակագնի պահը ես բացատրեցի, որքանով տեղյակ եմ քննարկումներ են գնում Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում որոշակի ոնց որ հիմա է սուբսիդավորվում ջրի նախորդ տարվա թանկացման հետեւանքները, այս տարի եւս քննարկվում են այդ հնարավորությունները: Կան քննարկումներ էնեերգետիկայի եւ գազի սակագնի հետ կապված»:
Նրա խոսքով, իրենք ամեն տարի վերանայվում են սակագները. «Գազի սակագնի քննարկումների նախաձեռնության մասին խոսելը դեռեւս շուտ է, մենք քննարկում ենք այն հնարավոր տարբերակները, որոնք հնարավորություն կստեղծեն դրանք նվազեցնելու»:











