Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 21-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին:
«Մենք համարում ենք, որ անցած 20 տարիների ընթացքում մեր երկրում հսկայական աշխատանք է կատարվել: Միեւնույն ժամանակ, նաեւ գիտակցում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- ասել է Սերժ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով պարոն Համարբերգին` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին սատարելու համար:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ի պատասխան Թոմաս Համարբերգն ասել է, թե ոչ միայն Եվրոպայի խորհուրդն է Հայաստանին օգնում, այլ նաեւ Հայաստանն է մասնակցում եւ օժանդակում ԵԽ գործունեությանը:
«Եվրոպայի խորհուրդն արժեքավոր է նրանով, որ իրավահավասարության սկզբունքն է ընդունել որպես մոտեցում: Մենք միմյանցից ենք սովորում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության բնագավառներում: Ինչպես նախորդ այցիս պարագայում, այս անգամ էլ ցանկացա այցիս վերջում հանդիպել Ձեզ, որպեսզի մեր հանդիպումներից, զրույցներից ստացած տպավորությունները ներկայացնեմ, զեկուցեմ Ձեզ»,- նշել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում բարեփոխումները շարունակելու, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հետագա քայլերին վերաբերող հարցեր:





























