Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում այցելել է գիտամշակութային կենտրոն «Հովհաննես Թումանյանի տուն»: Վարչապետին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ուղեկցել է Հայկական եկեղեցու վրացական թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Ներկաները տիկնիկային ներկայացում են դիտել Հովհաննես Թումանյանի հեքիաթներից մեկի մոտիվներով:
Սա ոչ միայն Թումանյանի տունն է եղել, այլ նաեւ ամբողջ Անդրկովկասի հասարակական, մշակութային կենտրոնը, որի հաճախակի հյուրերն են եղել Ղազարոս Աղայանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լեւոն Շանթը, Կոմիտասը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Ավետիք Իսահակյանը, Վահրամ Փափազյանը, Նիկողայոս Մառը, Յոսիֆ Գրիշաշվիլին եւ մշակութային ու հասարակական այլ գործիչներ:
Հովհաննես Թումանյանի տանը ապրելու տարիներից բուխարի է պահպանվել, որը վերականգնվել է, եւ հայելի, որից օգտվել է գրողը: Թումանյանի մնացյալ անձնական իրերը փոխանցվել են Երեւանի նրա անունը կրող տուն-թանգարանին:
Շենքը ժամանակին պատկանել է հայազգի Հովսեփ Շանշյանին, իսկ Թումանյանը վարձակալել է երրորդ հարկը: Թումանյանի մահից հետո, արդեն խրհրդային տարիներին բանաստեղծի ազգականները մանդատ են ձեռք բերել, որ տունն առգրավման ենթակա չէ: Չնայած դրան, տան մի մասը բնակեցվում է, իսկ երրորդ հարկում քաղաքային գրադարան է բացվում: Վրաստանի անկախացումից հետո Թբիլիսի քաղաքապետարանը հայտարարում է, որ գրադարանն իր գոյությունը չի արդարացնում եւ վաճառում է այն հատվածը, որտեղ Թումանյանն էր ապրել:
Այս տունը օրինական տիրոջն է վերադարձվել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, Հայաստանի Գրողների միության հանգուցյալ նախագահ Լեւոն Անանյանի ջանքերի շնորհիվ, որին օգնել են Գյումրիի նախկին քաղաքապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը, IdeA հիմնադրամի համանախագահ Ռուբեն Վարդանյանը: Տան ամբողջական վերականգնումը կատարվել է Ջինիշյանի հիշատակի հիմնադրամի, IdeA հիմնադրամի եւ հայ համայնքի միջոցներով:















