Այս պահին այն տեղեկատվությունն է, որը տրամադրել է ՊՆ-ն, դրանից բացի ոչինչ չեմ կարող ավելացնել։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը՝ անդրադառնալով Նախիջեւանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին տեղեկատվությանը։
«Ինչպես հիշում եք, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները մինչ Լեռնային Ղարաբաղ մեկնելը այցելեցին Նախիջեւանի առաջնագիծ՝ տեղում ծանոթանալով իրավիճակին։ Ավելին չեմ կարող ասել»,- շեշտեց նա։
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ իրավիճակի ավելի սրման դեպքում հայկական կողմը դիմի ՀԱՊԿ-ին, փոխնախարարն արձագանքեց․ «ՀԱՊԿ-ի դեպքում մենք ունենք պայմանագիր, հստակ պարտավորություններ, ուստի ես կդժվարանամ տեսականորեն խոսել մի դեպքի մասին»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում եւ սոցցանցերում տեղեկություններ են հայտնվում Նախիջեւանի սահմանում իրավիճակի սրման, Ադրբեջանի զինուժի կողմից դիրքերի առաջխաղացման մասին: «Ռազմինֆո»-ն արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երեւում է, թե որքան են տեղաշարժվել ադրբեջանական դիրքերը մյաիսի ընթացքում Նախիջեւանի հյուսիսարեւելյան հատվածում:





























