ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, այսօր՝ հունիսի 1-ին շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումը: Այսօրվա նիստի օրակարգում են իշխանության պետական եւ դատական մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ծախսերը:
Զեկուցողներն են Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Ա.Հակոբյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Բացի այդ, զեկուցումներ կներկայացնեն նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կ.Փոլադյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մ.Բադալյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:











