«Ռենկո» ընկերությունը մտադիր է Հայաստանում ՋԷԿ կառուցելու գործընթաց սկսել: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 10 օր առաջ հանդիպել է այդ ընկերության ներկայացուցիչների հետ:
Նրա խոսքով, Արդարադատության նախարարությունը պետք է զբաղվեր այդ հարցով. «Հիմա ունենք մտահոգություն, որ կառավարությունը այս հարցում կոնկրետություն չի մտցնում, մենք մեր պարտավորությունները չենք կատարում»:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այս առնչությամբ տեղեկացրեց, որ իրենք մի քանի աշխատանքային հանդիպում ենք ունեցել «Ռենկո»-ի ներկայացուցիչների հետ. «Էներգետիկայի նախարարության փորձագիտական եզրակացությունը կլինի երկուշաբթի, որից հետո հնարավոր կլինի գնահատել փաստաթղթերը: Այնուհետեւ այն կներգրավվի կառավարության առաջիկա նիստում»:
Էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանն էլ ասաց, որ քանի որ պայմանագիրն ուշ էին ստացել, այն էլ անգլերենով, ուղարկել են էներգետիկայի ինստիտուտ, որ մասնագիտական եզրակացություն տան:
«Ռեկոն» շինարարությունն սկսելու է 3 ամիս հետո եւ տեւելու է 25 ամիս, կառավարությունն իր վրա է վերցնում 20 տարվա պարտավորություն, իսկ իրենց արտադրած էլեկտրաէներգիան ավելցուկային է, այսինքն Հայաստանում չի սպառվելու, արտահանման խնդիր կա, իսկ մենք Իրանի հետ ունենք պայմանագիր մինչեւ 2026 թվականը, էներգետիկայի ինստիտուտը պետք է եզրակացություն տա, թե ինչպիսի դիրքորոշում ունենա կառավարությունը»,-ասաց նախարարը:
Վարչապետ Փաշինյանը նշեց. «Քանի որ այսօր ունենք ներդրումային վիճակը բարելավելու խնդիր, պետք է արագ գործենք, որ մեր դիրքորոշումները եւ պոտենցիալ ներդրողներն իրենց անելիքը հստակ իմանան: Եթե ասում ենք այո՝ պետք է արագ ասենք այո: Նույնը «ոչ»-ի դեպքում: Արագ խնդիրը կարգավորեք եւ զեկուցեք ինձ»:











