Աշխատանքներն իրականացվում են, կլինեն նոր բացահայտումներ, մոտ օրերս կլուսաբանվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Երեւան սիթի»-ում եւ այլ ոլորտներում կռուպցիոն բացահայտումներին:
Դիտարկմանը, որ «Երեւան սիթի»-ում բացահայտումներն այնքան էլ բացահայտում չեն, քանի որ դա տեղի է ունեցել ՊԵԿ-ի հետ համաձայնեցված, Վանեցյանն արձագանքեց. «Շատ բաներ կարող են հայտարարել մարդիկ, որոնք երկար տարիներ փորձել են զբաղվել ապօրինի գործունեությամբ: 350 հոգու մասին հայտարարությունը, որ շահարկվեց, պարզվեց 460-ից ավելի են: 11 կազմակերպությունները, որոնք եւս պետք է հրավիրվեն, դրանց մասով այդ թիվը կհասնի հազարի կամ ավելիի»:
Հարցին, թե ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին հարցաքննելու կարիք կա՞, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Քննությունը ցույց կտա»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող եւ մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապված բացահայտումներ էր արել՝ նշելով, որ գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Այս գործով հարցաքննվել են ՊԵԿ-ի նախկին 2 փոխնախագահներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մի քանի օր առաջ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում եւ բացահայտել մշակված եւ տեւական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։
Ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ»: Ըստ ԱԱԾ-ի, «Ալեքս Հոլդինգը» իր աշխատակիցների, նրանց ծանոթների անվամբ գրանցել է 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում:
Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ:
Նշենք, սակայն, որ ֆինանսների նախարար նախօրեին Ատոմ Ջանջուղազյանը հստակ պատասխան չտվեց հարցին, թե «Երեւան սիթի»-ի ղեկավարության կողմից նման սխեմաների կիրառումն անօրինակա՞ն է, թե օրենքով է արվել:











