ՊԵԿ-ը գնագոյացման հետ կապված ոչ գործառույց ունի, ոչ ցանկություն: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Երեւան սիթի»-ն եւ մյուս առեւտրային ցանցերը անցնեն ավելացված արժեքի հարկ վճարելու պրոկտիկային, եւ դրա արդյունքում գները կտրուկ աճեն, Անանյանը արձագանքեց. «Ես էլ եմ նման գնահատականներ լսել: Նաեւ Վահրամ Բաղդասարյանն էլ մի միտք էր արտահայտել, որ ժամանակին ինչ-որ պայմանավորվորվածություններ են եղել խուսափելու համար, որ 50-60 տոկոս գների աճ չլինի: Խնդիրն ավելի պարզ ու հասարակ է. եթե մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն օրենքի շրջանակներում, դա նշանակում է, որ գյուղմթերք եւ մսամթերք վաճառող սուպերմարկետը պետք է իր հարեկը վճարի ամբողջ ծավալով»:

Նրա խոսքով, եթե օրենքի դաշտ գալու արդյունքում 50-60 տոկոսով գների աճ կլինի, դա կնշանակի, որ կողքի փոքր խանութները ավելի շատ մրցունակ կլինեն շրջանառության հարկի պայմաններում:

«Սուպերմարկետները ժամանակին մտածել են, որ իրենք պետք է մրցակցեն նաեւ իրենց հարեւանությամբ գործող փոքր ու միջին կազմակերպությունների հետ՝ արհամարհելով մասշտաբի էֆեկտը: Այդպես չէ: Մենք մտածում ենք, որպես ՊԵԿ, որ եթե գները բարձրանան, մենք ուղղակի ուսումնասիրություններ կանենք, որպեսզի համոզվենք՝ գների բարձրացումը որքանով է արդարացված կամ արժանահավատ: Եթե պարզվի, որ այդպիսի հարկման դաշտ տեղափոխումը կարող է նման գնագոյացում առաջացնել, մենք որեւէ խնդիր չենք տեսնում: ՊԵԿ-ը գնագոյացման հետ կապված որեւէ գործընթացի հետ կապ չպետք է ունենա»,-հայտարարեց Դավիթ Անանյանը:

Նա նկատեց. «Եթե մենք աշխատում ենք բացառապես օրենքի շրջանակներում եւ տեսնում ենք, որ դա բերում է խնդիրների եւ օրենքը վերանայելու անհրաժեշտություն կա, նման առաջարկներով կարող ենք ֆինանսների հետ համագործակցենք, որ օրենսդրությունը փոխվի: Քանի դեռ օրենքը գործում է, լավը լինի, թե վատը, բոլորը պարտավոր են գործել դրա շրջանակում»: