Նախկինում պայմանավորվածությունները եղել են ՊԵԿ-ի եւ որոշ գործարարների միջեւ եւ այդ համաձայնությունները ավելի բարձր մակարդակում հավանության են արժանացել: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Ես ՊԵԿ-ի որեւէ պաշտոնյայի անուն չեմ կարող առանձնանցնել, որովհետեւ համակարգն է համաձայնության եկել: Եթե որոշակի պաշտոնյաներ որոշակի մասնագիտական առաջարկներ են արել եւ դրանք երկրի ղեկավարության հետ համաձայնության են եկել, մենք որեւէ իրավունք չունենաք ասել՝ ՊԵԿ-ի այս կամ այն աշխատակիցը այս կամ այն առաջարկն է արել, որի արդյունքում նման վիճակ է ստեղծվել»: «Ես գիտեմ, որ մինչեւ վարչապետի մակարդակով եղել է այդպիսի համաձայնություն, որպեսզի գյուղմթերքների առումով գների շեղումներ չլինեն», – հավելեց նա:

Դիտարկմանը, թե որքանո՞վ է արդար պատժել գործարարներին ու չպատժել այն պաշտոնյաներին, որոնց թույլտվությամբ տեղի են ունեցել օրենքից շեղումներ, Վարդան Անանյանը պատասխանեց. «Ես կողմ եմ, որ գործարարներին պատժենք, եթե եղել են համաձայնություններից դուրս գործողություններ: Եթե որոշում ենք, որ համաձայնությունները եղել են ապօրինի, եւ համաձայնության կողմերն էլ պետք է պատժվեն, ապա այո, պետք է պատժվեն բոլոր կողմերը»:

Անդրադառնալով ՀՀԿ-ականների հայտարարություններին, որ նման համաձայնության գնացել են կանխելու համար գյուղացիների դժգոհությունները, հիմա չկա՞ մտահոգություն, որ կարող են այդպիսի դժգոհություններ լինել, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Ես չեմ կասկածում ՀՀԿ-ականների ազնվությանը, որ գյուղացիների շահերով առաջնորդվելով են գնացել այդ համաձայնության կայացմանը: Բայց ես ունեմ այլ արժեքներ, այլ մոտեցումներ, հատըկապես ՊԵԿ նախագահի պաշտոնում: Նույնիսկ եթե դա կատարվել է ազնիվ մղումներով, ինձ համար ընդունելի չէ, որովհետեւ այն, ինչ օրենքից չի բխում, չի կարող հարկային վարչարարությամբ զբաղվողի համար ընդունելի լինել: Հարկային օրենդրությունը պետք է կիրառենք Ավետարանի սկզբունքով՝ անկախ նրանից, թե այն լավն է, թե ոչ»: