Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն է տվել գործադիրի ծրագրին, որի առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային եւ ազգային հարաբերությունների հիմք եւ հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն:

Ազգային անվտանգության ծառայությունը չի բացառում, որ  ցանցային առեւտրով զբաղվող 11 կազմակերպություններում ստուգումների արդյունքում կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված մարդկանց թիվը կգերազանցի հազարը։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

Հանրապետության 10 մարզերից 8-ն արդեն նոր մարզպետներ ունեն: Կառավարության այսօրվա որոշմամբ, արդեն հայտնի անուններին՝ երկուսը Հայ հեղափոխական դաշնակցությունից, երկուսը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրից», ավելացավ Գագիկ Ծառուկանի կուսակցության ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Նա նշանակվեց Լոռու մարզպետ, իսկ Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց նախկին ՀՀԿ–ական, Վայքի նախկին քաղաքապետ Արագած Սաղաթելյանը։ Սյունիքի եւ Արմավիրի մարզպետների նշանակումը կլինի ավելի ուշ:

Նախագահի նստավայրում հյուրընկած երեխաների հետ պաղպաղակ կերած Արմեն Սարգսյանն այսօր էլ համբուրգեր է պատրաստել փոքրիկների համար: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ նախագահը խոստովանել է, որ խոհանոցում երբեք չի փայլել, միայն ձվածեղ պատրաստելու փորձ ունի: Խոհարար– նախագահը նաեւ կատակել է՝ եթե երեխաները չհավանեն իր պատրաստած համբուրգերը, ինքը պատրաստ է հրաժարական տալ:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին այսօր մեղադրանք առաջադրվեց: Հանրապետական քաղաքապետին, փոխքաղաքապետին եւ եւս 3 անձ մեղադրվում են ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների գործով: Այսօր եւս մեկ անձ է ձերբակալվել այս գործի շրջանակներում: Այսպիսով՝ այսօրվա դրությամբ՝ հարուցված քրեական գործի շրջանակում կա 5 մեղադրյալ, 2 կասկածյալ:

Այսօրվանից  ուժի մեջ են մտնում Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ստորագրված համաձայնագրի հատվածները, որոնք վերաբերում են առեւտրի հարցերին։ Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ առեւտրի վերաբերյալ համաձայնագրի հատվածները հնարավորություն կտան երկու կողմերին աշխատել Հայաստանում նորմատիվային բազայի բարելավման ուղղությամբ։ Իսկ դա գործարար միջավայրը եւ ներդրումային հնարավորությունները կբարելավի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՄ-ի ընկերությունների համար:

Դոլարն ու եվրոն թանկացել են:  Դոլարի փոխարժեքը կազմել է 482.86 դրամ, եվրոն՝ 565.67 դրամ, բրիտանական ֆունտը՝ 642.83 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.77 դրամ:

Հայաստանի մարզերի մեծ մասում հանգստյան օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Որոշ վայրերում սպասվում է կարկուտ: Երևանում ժամանակ առ ժամանակ կլինի անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +15, վաղը կեսօրին՝ +23 +25: