Այս տոնավաճառում գները շատ ավելի մատչելի են, քան սուպերմարկետներում: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, Կասյան փողոցի հարակից տարածքում բացված գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառում լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ով մին այդ շրջեց տոնավաճառներում եւ գնումներ արեց:
«Սուպերմարկետներում մի քիչ ավելի թանք է մթերքը, որովհետեւ այստեղ գյուղացին անմիջապես է վաճառում, իսկ սուպերմարկետը միջնորդ է: Դրա համար էլ այստեղ մի փոքր ավելի էժան է, դրա համար էլ ուզում ենք այսպիսի տոնավաճառներ շատ լինեն, որը ձեռնտու է թե գյուղացիներին, թե քաղաքացիներին:
Հարցին, թե ինչ պետք է անել, որ շուկայում գին թելադրողը լինի գյուղացին՝ իր արտադրանքով, ոչ թե սուպերմարկետը, նախարարը պատասխանեց. «Այ սենց փոքր շուկաներ, որ կազմակերպում ենք Երեւանում եւ այլ քաղաքներում, այդ դեպքում՝ գինը կթելադրի շուկան: Պետք է փորձենք, որ այս տարի ավելի շատ նման շուկաներ բացվեն, քանի որ դրա պահանաջրկը կա»:
Արթուր Խաչատրյանը նշեց, որ լիզինգի ծրագիր ունեն, որը թույլ կտա գյուղացիներին չորանոց, սառնարան ու պահեստ վարձակալել, որ կարողանան իրենց մթերքը պահել:
Նշենք, որ այսօր՝ հունիսի 2-ին, Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի հարակից տարածքում, 8-րդ տարին անընդմեջ, վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառը: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս տոնավաճառի տաղավարներում սեփական արտադրանքը վաճառելու հնարավորություն են ստացել ՀՀ մարզերից ժամանած գյուղացիները:
2011 թվականից կազմակերպվող այս տոնավաճառների համար մասնակցության պայմաններն անփոփոխեն: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Առեւտրային միջնորդների մասնակցությունը տոնավաճառին բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:
Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար տրամադրում է նաեւ հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ուսայլակներ: Երեւանի քաղաքապետարանն աջակցել է տարածքի տրամադրման հարցում եւ յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը եւ երթեւեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը:











