Երեւանում հունիսի 2-ին Կասյան փողոցի հարեւանությամբ բացված գյուղատնտեսական տոնավաճառում ներկայացված են հայկական հողի շքեղ պարգեւները՝ խնձորներ, ելակ, լոլիկ, կաղամբ եւ իհարկե՝ Հայաստանի խորհրդանիշ ծիրանը:

Տոնավաճառը բացվում է 8-րդ տարին անընդմեջ: Կգործի ամեն շաբաթ հանգստյան օրերին: Մարզերից եկած գյուղացիները երեւանցիներին առաջարկում են բացառապես սեփական արտադրության արտադրանք:

Իհարկե, առանձնահատուկ ուշադրության է արժանի տնական գինին, որը պատրաստել են Արենի գյուղի բնակիչները, ինչպես նաեւ թթի օղին եւ մեղրը:

«Գինն ավելի մատչելի է, քան այլ տեղերում, առավել եւս՝ սուպերմարկետներում, իսկ համի եւ որակի համար ընդհանրապես չարժի կասկածել»,- իրենց ապրանքն են գովաբանում վաճառողները:

Նրանց հետ համամիտ են սեզոնային տոնավաճառի բացման արարողությանը մասնակցած գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պաշտոնյաներն անցան տաղավարներով, զրուցեցին գյուղարտադրանք վաճառողների եւ գնորդների հետ, ինչպես նաեւ գնումներ կատարեցին:

«Այստեղ գներն ավելի ցածր են, քան խանութներում, եւ ավելի ձեռնտու են ինչպես քաղաքի բնակիչներին, այնպես էլ գյուղացիներին, քանի որ այստեղ արտադրողի եւ գնորդի միջեւ անմիջական շփում է հաստատվում առանց միջնորդների մասնակցության՝ իրենց չարդարացված բարձր գներով»,- լրագրողների հետ զրույցում նշեց գյուղնախարարը:

Նրա խոսքով՝ գյուղարտադրանքի տոնավաճառը կազմակերպվում դեռ միայն Արաբկիր համայնքում, սակայն նա հավաստիացրեց, որ քայլեր կձեռնարկեն համանման տոնավաճառներ բացելու նաեւ Երեւանի մյուս վարչական տարածքներում:

«Եթե մանրածախի ցանցերը տարբեր պատճառներով դիմեն իրենց դիրքի չարաշահման, մենք այսպիսի տովաճառների թիվը կբազմապատկենք, որ ո՛չ գյուղացիները, ո՛չ քաղաքի բնակիչները վնասներ չկրեն»,- նշեց Արթուր Խաչատրյանը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, իր հերթին, նշեց, որ այսպիսի տոնավաճառների կազմակերպման նպատակը գյուղացիների համար պայմանների ստեղծումն է առանց միջնորդների սեփական արտադրության արտադրանքը վաճառելու համար:

«Երեւանում գործում է գրեթե 30 ագրոտոնավաճառ, եւ անհրաժեշտ է շուկայների տերերի հետ բանակցել երեւանցիների համար մատչելի գներով գյուղարտադրանքի վաճառքի պայմաններ ստեղծելու համար: Անհրաժեշտ է արմատախիլ անել միջնորդությունը»,- նշեց քաղաքապետը: 

Նա հավաստիացրեց, որ մայրաքաղաքի վարչակազմը պատրաստ է գյուղնախարարությանն օժանդակել Երեւանի մյուս շրջաններում եւս տոնավաճառներ բացելու գործում:

Ի դեպ, բոլոր գնորդները համաձայն էին, որ այստեղ գներն ավելի ցածր են, քան խանութներում, սուպերմարկետներում կամ գյուղատնտեսական այլ տոնավաճառմններում, սակայն հայ գնորդները սակարկելու եւ ապրանքն ի վերջո թե՛ իրենց, թե՛ վաճառողին հարմար գնով գնելու վարպետությամբ հայտնի են:

Երեւանում գյուղարտադրանքի տոնավաճառը կազմակերպվում է 2011 թվականից: Դրան կարող են մասնակցել միայն գյուղացիները, որոնք ունեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հավաստագիր, ինչը վկայում է, որ տոնավաճառի մասնակիցները իրենց վաճառվող արտադրանքի անմիջական արտադրողն են: Տաղավարները, կշեռքները եւ անհրաժեշտ այլ պարագաները գյուղնախարարությունն անվճար է տրամադրում: Այս պահին տոնավաճառին մասնակցում է 127 գյուղացի, սակայն այս տարի, ինչպես հայտնեցին նախարարությունից, մասնակիցների թիվը կհասնի 230-ի: