Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, մտահոգիչ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
«Հուսանք, որ կլինի այնպիսի կարգավորում, որը կբխի Արցախի ժողովրդի եւ անվտանգության շահերից, որը չափազանց կարեւոր է բոլորիս համար», - ասաց Նահապետյանը՝ հավելելով. «Որքան տեղյակ եմ բողոքն առաջացել է կոնկրետ միջադեպի հետ կապված: Այդ միջադեպի մասով որոշակի արձագանքներ են եղել: հուսանք, որ կունենանք այնպիսի կարգավորում, որը որեւէ վտանգ չի ստեղծի Արցախի ու Արցախի ժողովրդի համար»:
Նա կարծիք հայտնեց, որ Արցախում ուժային կառույցների հրաժարականը կարող է սպառնալիք ստռեղծել Արցախի համար:
Դիտարկմանն՝ արդյոք Հայաստանում իշխանությունը պետք է միջամտի Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, Նահապետյանը արձագանքեց. «Կարծում եմ՝ որոշակի գնահատականներ այստեղից պետք է հնչեցվեն։ Որեւէ քայլ չպետք է ձեռնարկել, որը կվտանգի Արցախի ժողովրդի անվտանգությունը, որի հետեւանքով Արցախում կարող է ստեղծվել անկայունություն։ Նման իրավիճակից հակառակորդը օգտվելու հնարավորություն ունի»։
Նա նշեց, որ որեւէ մեկը չի ասել, որ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության արմատավորման համար մենք պետք է կասկածի տակ դնենք մեկ արժեքը եւ ասենք՝ քանի որ ունենք անվտանգության գերակա խնդիր, ապա չպետք է մտանեք մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին: Այդ երկուսը չեն հակասում իրար: Բայց չպետք է ձեռնարկել քայլեր, որոնք իրականում կարող են վտանգ ստեղծել երկրի համար»:
Հարցին, թե կարո՞ղ է արդյոք թավշյա հեղափոխության սցենարը կրկնվել Արցախում, Նահապետյանն ասաց. «Որեւէ բան բացառել պետք չէ, որովհետեւ վերջին ժամանակահատվածում տեղի ունեցածն ապացուցեց՝ ամեն տեսակի զարգացում կարող է տեղի ունենալ ոչ միայն Հայաստանում, այլ ցանկացած այլ տարածաշրջանում»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ի երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել Արցախի ԱԱԾ հատուկջոկատայինների մասնակցությամբ: Բերման է ենթարկվել 15 մարդ: Դրանից հետո բողոքի ակցիաներեն սկսվել Արցախում, որի մասնակիցները պահանջում են ուժային կառույցների (բացառությամբ ՊՆ-ի) ղեկավարների հրաժարականը: Ցուցարարներին ընդունել են երկրի բարձրագույն ղեկավարները՝ պետնախարար Արայիկ Հարությունյանն ու նախագահ Բակո Սահակյանը:











