Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավարի ընտրության հարցը հետաձգվել է, քանի դեռ դաշինքը որոշում չի ընդունել՝ ընտրություններին դաշինքո՞վ է մասնակցելու, թե առանձին: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը. «Եթե կլինի  որոշում, որ առանձին ենք գնում, գուցե կուսակցությունը որոշի առանձին գործել: Ամեն դեպքում  հակված ենք բոլոր հարցերը, բոլոր տարբերակները քննարկել»,-ասաց Լենա Նազարյանը:

Նշենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվում է Լենա Նազարյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստան»-ում՝ Էդմոն  Մարուքյանի: Ըստ Լենա Նազարյանի՝ հարցը առայժմ օրակարգում չէ, քանի դեռ արտահերթ ընտրությունների մասնակցության ձեւաչափը չի որոշվել: