Իմ հրաժարականի մասին պարբերաբար քննարկումներ են եղել նախագահի հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ով այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին:

Նրա խոսքով, նման վիճակ եղել է 2012 թվականից հետո, երբ հասարակությունը փորձել է թիրախ ընտրել իրեն, համարելով, որ բոլոր խնդիրների պատճառը ինքն է. «Ես ասել եմ, որ պատրաստ եմ եղել հրաժարական տալ: Մենք հիմա էլ շարունակում ենք մնալ իշխանություն եւ սատարելու ենք իշխանություններին, կառավարության ծրագրին, որի կազմմանը մասնակցություն եմ ունեցել նաեւ ես»:

Հարցին, թե ինչո՞վ էր ինքը խանգարում բարեփոխումներին, որ հրաժարական է տվել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, բարեփոխումներին ես չեմ խանգարում, մեր տնտեսական բարեփոխումները ապահովելու են տնտեսական աճի բարձր տեմպեր: Այն ինչ կատարել ենք, հաստատ մինչեւ 2020-2021 թթ ապահովված է տնտեսական աճը: Ընդամենը պետք է շարունակել բարեփոխումները:

Պետական կառավարման համակարգի բարեփոխման առումով նպատակահարմար է, որ նոր մարդիկ լինեն: Ես չեմ խանգարում, բայց ես լինելով կուսակցության առաջնորդ, ակտիվ քաղաքական գործիչ, ավելի եմ նպաստելու դրսից այդ բարեփոխումների իրականացմանը: Այդպես ավելի հեշտ եմ մասնակցելու կարծիքներ արտահայտելով, քննադատելով, քան եթե ես լինել պետնախարար, որը սահմանափակում է իմ հնարավորությունները: Ես ուզում եմ լինել ավելի ազատ քաղաքական գործիչ»:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 6-ին հրաժարականներ են ներկայացրել Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ոստիկանապետ Կամո Աղաջանյանը, ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը: