Քաղբանտարկյալների ազատ արձակումն օրերի խնդիր է: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Վերաքննիչ դատարանում հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:

«Կարծում եմ՝ իմ, «ծռերի» և ընդհանրապես, քաղբանտարկյալների ազատումն օրերի հարց է։ Նրանք բոլորը պետք է ազատության մեջ լինեն շուտով», - պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարեց Սեֆիլյանը:

Հարցին, թե ինքն ընդունելո՞ւ է պատգամավորների անձնական երաշխավորությունն իր խափանման միջոցը փոխելու դիմաց, Սեֆիլյանը պատասխանեց. «Գործընթացը գնում է, կտեսնենք»:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին իրադարձություններին ԺիրայրՍեֆիլյանը չխոսեց, սակայն հավելեց, որ շատ ասելիք ունի. «Չեմ խոսելու մանրամասն, մինչև բոլորը դուրս չգան։ Մեր առաջ կնճռոտ խնդիր է դրված։ Մենք մեր քայլերով պետք է նեցուկ կանգնենք նոր կառավարությանը՝ հանձինս վարչապետի՝ պարոն Փաշինյանի, որ այս դժվարին գործընթացը միասին տանենք առաջ, դուրս գանք, սկսենք պետական շինարարությունը»

Սեֆիլյանը հայտարարեց, որ «մարտավարական իմաստով գաղափարական տարաձայնությունները» առաջիկա ամիսներին պետք է մի կողմ դնել. «Բոլոր գիտակից ուժերը պետք է կարողանան մեկ կողմ դնել այդ տարաձայնությունները և վերջապես երկրի մաքրագործման աշխատանքը հիմնավոր իրականացնել։ Մենք շատ ենք կարևորում գործընթացին վիրաբուժական մոտեցում ցուցաբերելը, որովհետև մեր դեմ կանգնած հրեշն, այո՛, այսօր տապալված է, բայց տակավին գերեզմանոցում չէ։ Մենք պետք է լծվենք նոր իշխանությունների հետ, ձեռք ձեռքի իրար օգնելով թաղենք վիշապին և վերջացնենք»:

Նա հավելեց, որ այլ հարցերի չի պատասխանի: