Հանրապետական կուսակցությունը հնարավորություն կտա Փաշինյանի կառավարությանը հաստատել իր ծրագիրը եւ հանրապետական խմբակցության կազմից կլինեն պատգամավորներ, որոնք կողմ կքվեարկեն։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Դիտարկմանը, թե մնալով 52 հոգանոց խմբակցությունով՝ ՀՀԿ-ն դադարել է խնդիր լինել գործող իշխանության համար, Շարմազանովը պատասխանել է. «Եթե մաթեմատիկական հաշվարկով նայենք, ապա գուցե ձեր ասածն իրականության հետ կապ ունի, բայց դասական իմաստով չէ, որովհետեւ դասական իմաստով չունենք քաղաքական կոալիցիա, չունենք քաղաքական հուշագիր նոր կառավարության հետ, եւ հանրապետական խմբակցությունը շարունակում է մնալ ամենամեծ խմբակցությունը։ Բայց եթե նայում ենք օպոզիցիա թե իշխանություն, ապա, այո, մենք կառավարության ձեւավորմանը չենք մասնակցում, պատասխանատվություն չենք ստանձնում Փաշինյանի կառավարության համար, հետեւաբար 58-ով էլ էինք ընդդիմություն, 52-ով էլ ենք ընդդիմություն Փաշինյանի կառավարությանը»։
Ըստ Շարմազանովի, իշխանությունը լինում է մի տեղ՝ կառավարությունում։ «Այսինքն, պաշտոնապես պետության կողմից մշտապես բանակցություններ վարում է գործադիր իշխանությունը, գործադիր իշխանությունն է վարում քաղաքականություն, գործադիր իշխանությունն է իրականացնում արտաքին քաղաքականություն։ Միեւնույն ժամանակ, մենք մայիսի 8-ին հայտարարել էինք որ արհեստականորեն չենք խոչընդոտելու կառավարության գործունեությանը, անկախ նրանից 58 հոգի կլինենք, թե 52, ես երեկ պաշտոնական հայտարարությամբ եմ հանդես եկել, որտեղ նշել եմ, որ ինչպես մայիսի 8-ին Հանրապետականը չխոչընդոտեց եւ հնարավորություն տվեց Փաշինյանին դառնալ վարչապետ, այնպես էլ վաղը, իհարկե քաղաքական թեւն ունի իր գնահատականը, բայց հանրապետական կուսակցությունը հնարավորություն կտա Փաշինյանի կառավարությանը հաստատել իր ծրագիրը եւ հանրապետական խմբակցության կազմից կլինեն պատգամավորներ, որոնք կողմ կքվեարկեն»,- ասել է նա։
ՀՀԿ խոսնակի խոսքով, միեւնույն ժամանակ, իրենք պատրաստ են ընտրական օրենսգրքի վերաբերյալ պրոֆեսիոնալ թիմով հանդես գալ բանակցություններին։ «Մենք 3-հոգանոց պրոֆեսիոնալ խումբ ենք ստեղծել, որոնք թե՛ իրավական, թե՛ քաղաքական դաշտում լուրջ պրոֆեսիոնալներ են, պատրաստ ենք լայն, լուրջ քննարկման ԸՕ–ի շուրջ, որովհետեւ ԸՕ–ի բարեփոխումը կարեւորագույն հարց է եւ չի կարող ոտքի վրա եւ ձեռի հետ քննարկվել, դա պետք է քննարկվի նաեւ մեր ժամանակվա իշխանության, լայն հասարակական սպեկտրի հետ, քաղաքական լայն շրջանակների հետ, Վենետիկի հանձնաժողովի հետ, պետք է հասկանանք ռեսուրսները որտեղից են, գումարները որտեղից են, ինչ ժամկետներում ենք անում, ինչպես ենք անում, այդ իմաստով ՀՀԿ–ն պատրաստ է։ Սահմանադրական օրենքների հետ կապված նոր կառավարությունը եւ նոր իշխանությունը պետք է համագործակցեն բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Հնարապետականի հետ»,- ամփոփել է Շարմազանովը։











