Հրաժարականներ եւ նոր նշանակումներ Արցախի առանցքային պաշտոններում։ կառավարությունում։ Այսօր, իր դիմումի համաձայն, պետնախարարի պաշտոնից ազատվել է Արայիկ Հարությունյանը։ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այդ պաշտոնում նշանակել է արդեն նախկին ֆինանսների նախարար Գրիգոր Մարտիրոսյանին։ Ֆինանսների նոր նախարար է նշանակվել է Արթուր Հարությունյանը։ Բացի պետնախարարից հրաժարականի դիմում են գրել Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը, նրա տեղակալ Գարիկ Սարգսյանը, ինչպես նաեւ ոստիկանապետ Կամո Աղաջանյանը։ Ի տարբերություն Արայիկ Հարությունյանի՝ այս երեքի հրաժարականն էին պահանջում Ստեփանակերտում վերջին օրերին ընթացող հանրահավաքների մասնակիցները։ Նոր պետնախարարից բացի, Բակո Սահակյանը Իգոր Գրիգորյանին նշանակել ոստիկանապետ, իսկ Սամվել Շահրամանյանին՝ ԱԱԾ տնօրեն։
Այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվեց «Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանը։ Կյուրեղյանի համար Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը եւ Լենա Նազարյանը ներկայացրել էին անձնական երաշխավորագիր, նաեւ վճարել 500 հազարական դրամ դատարանի դեպոզիտ հաշվին։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորհրդարանում դարձավ փոքրամասնություն։ Այսօր ՀՀԿ խմբակցությունը լքեց գործարար– պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում ընտանիքին է պատկանում «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը։
Նախօրեին նրա օրինակին էր հետեւել մեկ այլ գործարար– պատգամավոր, «ՍԱՍ» սուպերմարկետների սեփականատեր Արտակ Սարգսյանը։
Հայաստանում եւս այսօր հրաժարականների ու նոր նշանակումների «շքերթ» էր ։ Հրաժարականի դիմում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը։ Նա հայտարարել է, որ այլեւս նպատակահարմար չի գտնում շարունակել հետագա ծառայությունը: Հրաժարականի դիմում է ներկայացրել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Իր որոշումը նա կայացրել է երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Քիմ Քարդաշյանն աստիճանաբար անցում է կատարում շոուբիզնեսից քաղաքականություն։ Նրա քաղաքական ակտիվությունը աննկատ չի անցել. Քերրի Քենեդիին իր օգնությունն է առաջարկել Քիմին քաղաքականության ասպարեզում։
Դոլարը, եվրոն եւ ռուսական ռուբլին թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 483.30 դրամ, եվրոն՝ 568.94 դրամ, բրիտանական ֆունտը՝ 649.07 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.80 դրամ:
Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 7–ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Որոշ վայրերում հնարավոր է կարկուտ: Երևանում ժամանակ առ ժամանակ կլինի անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը կեսօրին՝ +27 +29:











