Քանի դեռ մենք ունենք ժողովրդի աջակցությունը, մենք կհասնենք արտահերթ ընտրությունների: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի ընդունումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ո՞վ է ասում, որ քաղաքական ուժերի այս բաշխվածությունն է որոշում՝ լինի արտահերթ ընտրություն, թե չլինի: Եթե այդպես լիներ, ես ի՞նչ գործ ունեի վարչապետի պաշտոնում: Եթե այդպես լիներ, ես քանի՞ ձայն կհավաքեի որպես վարչապետի թեկնածու: Քանի դեռ ունենք ժողովրդի վստահությունը, որ պահին պետք լինի, ժողովրդի ճնշումը փողոցում կլինի ավելի մեծ»,-հայտարարեց Փաշինյանը:
Հարցին, թե բացառո՞ւմ, եք, որ գործարարները, այդ թվում ՀՀԿ-ից դուրս եկածները ընտրությունենրի ժամանակ կարող են հայտնվել «Քաղաքացիական պայմանագրի» կամ «Ելք»-ի ցուցակում, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Գործարարներին ես հարցրել եմ՝ ձեր ինչի՞ն է պետք պատգամավոր լինելը: Շատ հաճախ ինձ տրվում է բացատրություն, որ մենք չենք ուզում լինել պատգամավոր, մեզ ասում են՝ գնա, դարձիր պատգամավորի թեկնածու եւ ձայներ հավաքիր մեզ համար: Պետությունը շնորհակալ է օրինապահ գործարարներից, որոնք աշխատում ու աշխատատեղ են ստեղծում: Իրոք, դա պատվավոր կոչում է եւ այդ գործարարները չպետք է ձգտեն լինել պատգամավոր, եւ պետությունը պետք է երաշխավորի նրանց բիզնեսի անվտանգությունը: Մենք ոչ մեկի հետ ոչ մի տոկոս փայ չենք ուզում մտնել»:











