Զինված խմբի գործով դատական նիստերի դահլիճ է եկել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը։ Նշենք, որ նա անձնական երաշխավորություն է ներկայացրել գործով ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի համար։ Դատախազի հայտարարությունից հետո, որ նրա անձնական ներկայությունն է անհրաժեշտ, նա ժամանեց դատական նիստերի դահլիճ։ Լրագրողների հետ զրույցում Ալիկ Սարգսյանը հարցին, թե ինչու ավելի վաղ չէր ներկայացնում անձնական երաշխավորություն, նշեց, որ առաջ իրեն ասում էին, որ դատաքննություն է ընթանում, անհրաժեշտ չէ, իսկ այսօր հարկ է համարել անձնական երաշխավորություն ներկայացնել։
Ալիկ Սարգսյանը հավելեց, որ առայժմ միայն մեկ ամբաստանյալի համար է միջնորդություն ներկայացրել:
Հավելենք, որ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը անհրաժեշտ գումարը վճարել է, սակայն անձամբ չի ներկայացել: Դատավոր Արմեն Բեկթաշյանն ասաց, որ անհրաժեշտ է Ցոլակյանի անձնական ներկայությունը: Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զինված խմբի գործով ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել դատարանին։ Նա նաեւ ներկայացրել էր պատգամավորներ Ալիկ Սարգսյանի եւ Ֆելիքս Ցոլակյանի անձնական երաշխավորությունը խափանման միջոցը փոխելու համար։ Գործով մեղադրողը հայտարարել էր, որ անձնական երաշխավորություն ներկայացրած պատգամավորների ներկայության եւ վճարված անդորրագրերի առկայության պարագայում նոր դիրքորոշում կհայտնի։
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց:












