Կարեն Կարապետյանին, ով նշանակվել է ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության պետ, ես ճանաչում եմ մոտ 20 տարի, որի ընթացքում երեք էպիզոդով առնչվել ենք իրար հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ կոռուպցիոներների համբավ ունեցող ՊԵԿ-ի նախկին աշխատակիցները վերադառնում են:
«Ես Կարեն Կարապետյանին գնահատել եմ որպես բարձր պրոֆեսիոնալ: Նրան հրավիրել եմ աշխատանքի հենց հաշվի առնելով դա: Եթե որեւէ մեկն ունի տեղեկատվություն, որ այս կամ այն պաշտոնյան որեւէ կոռուպցիոն սխեմաներում ներգրավված է եղել եւ ունեն հանցագործության մասին հաղորդում տալու հիմք, ես կոչ եմ անում տալ այդ հաղորդումը»,-հայտարարեց Դավիթ Անանյանը:
Նա չբացառեց, որ Կարեն Կարապետյանը կարող է ներգրավված լինել ին-ինչ կոռուպցիոն երեւույթների մեջ. «Հնարավոր է ամեն ինչ էլ լինի, մարդը աշխատել է, ունի որոշակի տարիք: Թե ինչպիսի տեսակետներ են նրա մասին շրջանառվում մամուլում, ես չեմ կարող ասել»:
Դավիթ Անանյանը հիշեցրեց, այդ առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ այո, կարող են լինել այդպիսի ահազանգեր, մենք էլ ենք ստանում նման ահազանգեր. «Անձամբ ես եմ վերցնում մարդկանց աշխատանքի եւ վարչապետի առջեւ ունեմ հստակ պատասխանատվություն: Եթե մենք մեր թիմով մեր առջեւ դրված խնդիրները չկատարենք, մենք պետք է համապատասխան հետեւություններ անենք»:











