Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7 գագաթաժողովի շրջանակում քննարկել են Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։ Այս մասին ասվում է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Առաջնորդները քննարկել են դիվանագիտական ջանքերը այն սպառնալիքի վերացման համար, որը բխում է Հյուսիսային Կորեայից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Շաբաթ Թրամփը Յոթյակի երկրների մյուս առաջնորդներից ավելի շուտ կլքի կանադական Լա Մալբայում անցկացվող գագաթաժողովը ու կուղեւորվի Սինգապուր, որտեղ հունիսի 12-ին պետք է կայանա նրա հանդիպումը Կիմ Չեն Ընի հետ։

Թրամփն ու Թրյուդոն քննարկել են ԱՄՆ-ի ու Կանադայի գործընկերությունը անվտանգության ու տնտեսության բնագավառում։ Մասնավորապես նրանք համաձայնել են, որ կարեւոր է, որպեսզի Հյուսիսամերիկյան ազատ աեւտրի գոտու մասին համաձայնագիրը հասցվի հաջող ու արագ ավարտի։

ԱՄՆ նախագահը հունիսի 1-ին հայտնել էր, որ Վաշինգթոնը չի բացառում այդ համաձայնագրից հրաժարվելն ու անցնելը նույն բովանդակության երկկողմանի համաձայնագրերի կնքմանը Կանադայի ու Մեքսիկայի հետ։