Մեքսիկայի Կոաուիլա նահանգից Կոնգրեսի պատգամավորի թեկնածու Ֆերնանդո Պուրոն շաբաթ երեկոյան Պյեդրաս Նեգրաս քաղաքում, բանավեճի ավարտից անմիջապես հետո,  սպանվել է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութից երեւում է, որ  նահանգի ինքնավար համալսարանի շենքի մոտ Պուրոն կանգնած է մի կնոջ հետ, որը նրան խնդրել էր լուսանկարվել: Այդ ժամանակ հետեւից նրան է մոտենում հանցագործը եւ սառնասրտորեն կրակում է ծոծրակին: Դրանից հետո հանցագործը անհետանում է:

Պուրոնը իշխող կուսակցությունից հուլիսի մեկին պետք է մասնակցեր ընտրություններին:

Etellekt վերլուծական ընկերության համաձայն, հունիսի 9-ի տվյալներով, նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդհանուր առմամբ ամբողջ երկրով սպանվել է 112 քաղաքական գործիչ եւ թեկնածու: