ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունիսի 11-ին, Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը:

Եգորյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավոր եւ «Ելք» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը անձնական երաշխավորագիր են ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար:

Մեղադրանքի կողմը չառարկեց միջնորդությանը: Դատարանը, սակայն, որոշում կայացրեց հարցի քննարկումը հետաձգել եւ այն քննարկել խորհրդակցական սենյակում՝ դատական վերջնական ակտ կայացնելիս:

Դատական նիստը շարունակվում է: Այժմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ դիրքորոշում է հայտնում մեղադրող Պետրոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հրապարակած դատավճռով Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, դրան գումարվել է առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկումը: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման: