«Դեմ եմ» նախաձեռնությունը այսօր՝ հունիսի 11-ին բողոքի ակցիա է իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նախաձեռնության անդամների բողոքն ուղղված է պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ, որն ուժի մեջ է մտնում 2018թ. հուլիսի 1-ին։
Նշենք, որ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող եւ հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձեւավորել 2.5 եւ 7.5 տոկոս համամասնությամբ, այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը: Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը: Նշվում է, որ համակարգին անդամակցող, ինչպես նաեւ նոր միացող անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որը հանրության հիմնական մտահոգությունն է: Առաջարկվող նախագծով նույն 10 տոկոսը կձեւավորվի հետեւյալ կերպ՝ 2,5 տոկոսը քաղաքացին, 7,5 տոկոսը՝ պետությունը։
«Ելք» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարդու սեփականության իրավունքը համարում է անքակտելի իրավունք, բայց կա նաեւ ազգային շահ, որի համար կարելի է զիջումների գնալ։ Նա համոզմունք հայտնեց, որ համակարգը պետք է լինի այնպիսին, որ մարդիկ ցանկանան դրան մասնակցել։ «Ժամանակ է պետք քաղաքացիների հետ երկխոսության եւ նրանց սպասելիքները հասկանալու համար, որ կառավարությունը կարողանա ընդունելի լուծումներ առաջարկել»,-շեշտեց պատգամավորը։











