Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ բերվել է աշխատանքի հատուկ ռեժիմի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Գեւորգ Մինասյանը՝ հավելելով, որ Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել:

«Տվյալ պահին մենք փորձում ենք պարզել, եղե՞լ են արդյոք պայթյունի պահին օդանավակայանի տարածքում Հայաստանի քաղաքացիներ կամ հայեր: Դեսպանատունը սերտ համագործակցում է «Արմավիա» ընկերության եւ իրավապահների հետ: Առայժմ դեռ տեղեկություններ չունենք»,- ասել է Մինասյանը:

Նրա խոսքով, «Դոմոդեդովո» օդանավակայանը փակ է, բոլոր ծրագրված չվերթները ուղարկվել են «Շերեմետեվո» եւ «Վնուկովո» օդանավակայաններ:

«Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալում հունվարի 24-ին, Երեւանի ժամանակով 17:40-ի սահմաններում պայթյուն է եղել: Նախնական տվյալներով, պայթուցիկ սարքը գործի է գցել մահապարտ-ահաբեկիչը: Վերջին տվյալներով, զոհվել է 31 մարդ: