«Երեւան» հիմնադրամը, ինչպես եւ մյուս հիմնադրամները, պարտավոր էր ստացված գումարների վերաբերյալ տվյալներ ներկայացներ հարկային մարմիններին, ինչը դեռ չի արվել: Այս մասին հունիսի 15-ին Հայաստանի կառավարության առջեւ լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Ընդ որում, պաշտոնյան նշեց, որ իրենք բազմաթիվ հիմնադրամների հետ են աշխատում: «Այն հիմնադրամների նկատմամբ, որոնք պետք է տվյալներ ներկայացնեին, սակայն չեն ներկայացրել, միջոցներ են ձեռնարկվում վարչական վարույթի շրջանակներում», - պարզաբանեց Անանյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ձերբակալվել են «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը եւ մայրաքաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը: Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ քաղաքացիներ Վ. Գ.-ից եւ Ա.Հ.-ից ահազանգ էր ստացվել այն մասին, որ քաղաքապետարանի պաշտոնյաները, բացի օրենքով սահմանված վճարներից, լրացուցիչ վճար են պահանջել շինարարական թույլտվություն տրամադրելու համար: Պաշտոնյաները, մասնավորապես, պահանջել են խոշոր գումարներ վճարել «Երեւան» հիմնադրամին: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ առձեռն ստացված գումարի մեծ մասը հիմնադրամի հաշվին չի փոխանցվել, այլ պարզապե յուրացվել է:

«Երեւան» հիմնադրամի տնօրենն ու Դավիթաշենի թաղապետի տեղակալը ձերբակալվել են. ԱԱԾ-ն հաստատում է