Եգիպտոսում ձերբակալված ցուցարարների թվում հայեր չկան։ NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանելիս այս մասին հայտնեց Եգիպտոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը՝ նշելով, որ հունվարի 25-26-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում եւ մի քանի այլ քաղաքներում կայացած բազմահազարանոց ցույցերին հայեր չեն մասնակցել։
Դեսպանի խոսքով՝ Եգիպտոսում բողոքի ալիքի հիմնական պատճառը սոցիալական իրավիճակի վատթարացումն է։ «Եգիպտական ֆունտն այս տարվա ընթացքում արժեզրկվել է, բացի դրանից թանկացել են առաջին անհրաժեշտության սպառման ապրանքները 10-20 տոկոսով»,- ասաց դեսպան Մելքոնյանը՝ ավելացնելով, որ դրան զուգահեռ Եգիպտոսի ազգաբնակչությունը արագ տեմպով աճում է, եւ տարեկան այդ երկրի աշխատաշուկա է մուտք գործում 1,5-2 մլն երիտասարդ, որոնք աշխատանք են պահանջում կառավարությունից։
«Տեղի ունեցած ցույցերում նկատելի էր նաեւ թունիսյան դեպքերի ազդեցությունը, կային ցուցարարներ, որոնք պարզել էին «Լուծումը Թունիսն է» լոզունգով պաստառներ»,- նշեց դեսպանը։
Ըստ նրա՝ բողոքի ցույցի մասին հայտարարվել էր մի քանի օր առաջ։ Նախաձեռնողները՝ ընդդիմադիր «Ապրիլի 6» երիտասարդական կազմակերպությունը, «Մահմեդական եղբայրներ» կուսակցությունը, «Էլ-Թիֆայա» շարժումը նախօրոք հայտարարել էին, որ «Եգիպտոսի ոստիկանության օրը»՝ հունվարի 25-ին բողոքի ակցիա են իրականացնելու։ «Իշխանությունը թույլատրել էր բողոքի ակցիաները, եւ նշել, որ ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկի, եթե այլոց ունեցվածքին ցուցարարների կողմից վտանգ չսպառնա»,- տեղեկացրեց դեսպանը։
Արմեն Մելքոնյանի խոսքով՝ տեղի ունեցած ցույցերը, որոշակի քաղաքական դիմագիծ չունեին։ «Եգիպտոսում երկու ուղղության ընդդիմություն կա՝ ռեֆորմիստական եւ իսլամամետ, բայց այս ցույցերում հիմնականում սոցիալական պահանջներ էին հնչում։ Մարդիկ պահանջում են աշխատանք, աշխատավարձերի բարձրացում, նաեւ հնչում էին կառավարության հրաժարականի կոչեր»,- նշեց դեսպանը՝ ընդգծելով, որ ներկայումս Եգիպտոսի իշխանությունները իրավիճակը վերահսկում են։
Հիշեցնենք, որ Եգիպտոսում հունվարի 25-ի երեկոյան, նաեւ հունվարի 26-ի առավոտյան Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում բողոքի ցույցեր են անցկացվել։ Արդյունքում բախումներ են տեղի ունեցել, որից մահացել է մեկ ոստիկան եւ երկու ցուցարար։ Մոտ 200 մարդ ձերբակալվել է։
Նշենք, որ Եգիպտոսի 8500 անդամ ունեցող հայ համայնքն ապրում է հիմնականում Կահիրեում։





























