Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում են նվազեցնել մարզային հեռուստատեսությունների համար նախատեսված պետական տուրքը:

Հատկանշական է, որ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի պատգամավորներին այս անգամ միացել է անկուսակցական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը (Ջանֆիդայի Ռուստամ)։

Պատգամավորներն առաջարկում են հեռահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար սահմանել հետեւյալ պետական տուրքերը՝ 1 մարզի տարածքում սփռման համար՝ 100 հազ. դրամ, մայրաքաղաքից դուրս մեկ մարզի առանձին քաղաքների եւ գյուղերի տարածքում սփռման համար՝ 50 հազ. դրամ, մեկից ավելի մարզերի ամբողջ տարածքում սփռման համար՝ 150 հազ. դրամ։

Պատգամավորներն իրենց առաջարկը հիմնավորել են նրանով, որ ցանկանում են արձագանքել մարզային հեռուստաընկերությունների արդարացի բողոքին եւ չեղյալ համարել տարածքային/մարզային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություններից գանձվող պետական տուրքի անհիմն բարձրացումը:

Սակայն կառավարությունն այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում բացասական եզրակացություն տվեց այդ նախագծին։ Կառավարության հիմնավորման մեջ նշված է, որ մարզային հեռուստաընկերությունների համար պետական տուրքի դրույքաչափերի բարձրացում չի եղել, քանի որ նրանք մինչեւ 2015 թ. աշխատելու են անալոգային լիցենզիաների հիման վրա։ Դրանց համար էլ գործում են հետեւյալ դրույքաչափերը՝ ֆիզիկական անձանց համար՝ 10 հազ. դրամ, իրավաբանական անձանց համար՝ 50 հազ. դրամ։