Եգիպտոսի ոստիկանությունն այսօր՝ հունվարի 28-ին արցունքաբեր գազ է կիրառել Կահիրեում, թույլ չտալով ցուցարարներին հասնել Աթ-Թահրիր հրապարակ: Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, մարդկանց բազմությունը ձգտում է հասնել մայրաքաղաքի կենտրոն:

Մարդիկ քայլելով անցնում են էստակադաների ու մակուրջների վրայով, ցուցարարների ձեռքում սոցիալիստ Գամալ Աբդել Նասերի նկարներն են, ով ղեկավարել է Եգիպտոսը 1950-60 թվականներին:

Ցուցարարների ճանապարհը կտրելու համար այդ հատված են շտապում ոստիկանության ուժերը, որոնք մասնագիտացված են զանգվածային անկարգությունները ճնշելու գործում: Քաղաքի որոշ հատվածներում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները ստիպված են եղել նահանջել:

Որոշ տվյալներով, ցուցարաների որոշ խմբեր արդեն հայտնվել են նախագահական պալատի մոտ եւ կարգախոսներ են հնչեցնում, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

Կահիրեի մզկիթներից մեկում իր կողմնակիցների հետ կալանքի է վերցվել Վիեննայից  ժամանած հայտնի ընդդիմադիր գործիչ Մուհամեդ ալ-Բարադեյը, ով երկար տարիներ գլխավոր է ՄԱԳԱՏԵ-ն: Նա արդեն հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել երկիրը եւ պահանջել է երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի  հրաժարականը:

Նշենք, որ անկախ հեռուստաալիքները հաղորդում են, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր մարդիկ եւ իրենց աջակցությունն են հայտնում Եգիպտոսի ընդդիմադիր շարժմանը:

Եգիտոսում առաջվա նման չի գործում ինտերնետն ու բջջային կապը: Դրանք արգելափակվել են իշխանությունների պահանջով: Արաբական հեռուստաալիքները, մասնավորապես, «Ալ-Ջազիրան» եւ «Ալ-Արաբիան» հայտնում են, որ կապի խափանման պատճառով չեն կարողանում Եգիպտոսի փողոցներից ռեպորտաժներ վարել: