Կահիրեում գտնվող Հայաստանի 5 քաղաքացիները՝ բոլորն էլ ուսանողներ, իրենց շատ լավ են զգում եւ Եգիպտոսում ընթացող հակակառավարական ցուցերի արդյունքում   չեն տուժել. նրանց ոչինչ չի սպառնում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Եգիպտոսում հայկական դեսպանությունը նրանց հետ անըդհատ կապի մեջ է։ Մենք էլ մեր հերթին օրական մի քանի անգամ կապ ենք հաստատում այդ երկրում մեր դեսպանի հետ։ Ինչ վերաբերում է Կահիրեի մի քանի հազարանոց հայ համայնքին, ապա նրանք չեն խառնվում անկարգություններին, որեւէ մասնակցություն չունեն դրանց եւ շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով։ Ամեն դեպքում, հայ համայնքն այդ իրադարձություններից չի տուժել»,- տեղեկացրեց Բալայանը։

Վերջում ԱԳՆ մամուլի խոսնակն ասաց, որ հայկական դեսպանության շենքն անվտանգ վայրում՝ դիվանագիտական թաղամասում է գտնվում եւ լավ պաշտպանված է:

Նշենք, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հունվարի 28-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ ցրել է կառավարությունը եւ խոստացել է արդեն այսօր` հունվարի 29-ին, ձեւավորել նոր կառավարություն: