Հայաստանի Երիտասարդական կուսակցությունը անիմաստ է համարում առանձին գործելը եւ գտնում է, որ կուսակցությունների խոշորացման պրոցեսը ճիշտ է։ Այս մասին հունվարի 29-ին տեղի ունեցած արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երիտասարդական կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը։ Նա նշել է, որ ՀԵԿ-ը երիտասարդների համախմբման, երիտասարդական քաղաքականության զարգացման կուրս է ունեցել, որը համահունչ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրերի հետ:
«Այդ ծրագրերի համատեքստում էլ մենք կարծում ենք, որ անիմաստ է առանձին գործելը եւ գտնում ենք, որ կուսակցությունների խոշորացման պրոցեսը ճիշտ է, մենք ողջունում ենք այդ քայլը: Պետք է մի բռունցք դառնանք»,- ՀԵԿ-ի միավորումը ԲՀԿ-ին այսպես է մեկնաբանել Վահան Բաբայանը։ Հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ի՞նչ ակնկալիքներ ունի ԲՀԿ-ից, Վահան Բաբայանը խուսափողական պատասխան է տվել, նշելով, որ դեռ ամեն ինչ առջեւում է:
Ի դեպ, ՀԵԿ համագումարը անցկացվել է Մարզահամերգային համալիրի շքեղ դահլիճում։ Լրագրողների հարցին, թե եթե կուսակցությունը համագումարն այս շքեղ դահլիճում անցկացնելու հնարավորություն ունի, ապա ինչո՞ւ է լուծարվում եւ միանում ԲՀԿ-ին, ՀԵԿ նախագահն արձագանքել է. «Ես չեմ կարծում, որ կուսակցությունների գործունեությունը չափվում է ինչ-որ դահլիճներով։ Յուրաքանչյուր կուսակցության ռեսուրսը չափվում է իր կողմնակիցների քանակով, որակով եւ ծրագրերով, մնացածը երկրորդական հարցեր են»:
Հիշեցնենք, որ Վահան Բաբայանը արդեն մի քանի կուսակցություն է փոխել։ Սկզբում նա «Հանրապետություն» կուսակցությունից էր, այնուհետ դարձավ մտավ ՀԵԿ, դարձավ նրա նախագահ։ Կարճ ժամանակ անց ՀԵԿ-ը լուծարվեց եւ միացավ ՄԻԱԿ-ին, այնուհետ կրկին դուրս եկավ ՄԻԱԿ-ից եւ այսօր՝ հունվարի 29-ին կրկնակի լուծարվելուց հետո միացավ ԲՀԿ-ին։ Օրեր առաջ էլ ԲՀԿ-ին միացավ մեկ այլ՝ Հայաստանի առաջադիմական կուսակցությունը:





























