Անօդաչու թռչող սարքերը, որոնք նախագծում  եւ կառուցում է օդատիեզերական ինժեներ Բագրատ Ռաշոյանը, կարող են օգնել տարերային աղետների ժամանակ փրկվածների որոնումների ժամանակ, կանխել անտառների անօրինական հատումը, հեշտացնել երկթագծերի եւ խողովակաշարերի վերանորոգմամբ զբաղվող մասնագետների աշխատանքը, ինչպես նաեւ բարձրացնել հողագործության արդյունավետությունը:

Այս սարքերի վրա Բագրատն աշխատում է անցյալ տարվա դեկտեմբերից, սակայն դրանց ստեղծման գաղափարը երկար տարիներ հասունանում էր նրա մտքում: Մոտ 200 մ բարձրության վրա որոշակի տարածքի վրայով թռչելով դրոնը ոչ թե պարզապես լուսանկարում է տեղանքը (այդ թվում ինֆրակարմիր սպեկտրում), այլեւ վերլուծում է տեսածը եւ արդեն պատրաստի վիճակում փոխանցում է տեղեկատվությունը: Օրինակ՝ տարերային աղետների դեպքում դրոնը կարող է շատ կարճ ժամանակում սկանավորել տեղանքը, նրա սենսորները կհայտնաբերեն փրկվածներին եւ փրկարարներին կփոխանցեն նրանց գտնվելու վայրը՝ տնտեսելով վերջիններիս ժամանակը, բարձրացնելով փրկվելու հնարավորությունը:

Այս դրոնները կարող են օգտագործվել երկաթգծերի եւ խողովակաշարերի ուսումնասիրման համար, որոնք, որպես կանոն, ժամանակ առ ժամանակ վերանորոգման կարիք ունեն:

Եթե մասնագետները անսարքության կամ արտահոսքի որոնման նպատակով  այս խողովակաշարերի եւ երկաթգծերի երկայնքով գնան, դա կարող է շաբաթներ տեւել, իսկ դրոնը կարող է մեկ ժամում սկանավորել Երեւանից մինչեւ Գյումրի ողջ ճանապարհը, ընգծեց Բագրատ Ռաշոյանը:

Շրջակա միջավայրի պաշտպաններին դրոնը նույնպես կարող է օգտակար լինել. թռչելով անտառների վրայով եւ համեմատելով տեսածը նախորդ պատկերների հետ, այն կարող է նկատել, թե որ ծառերն են վերջերս հատվել:

Դրոնը կարող է շատ օգտակար լինել նաեւ հողագործությունում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բագրատ Ռաշոյանը նշեց, որ հողատարածքի ոչ բոլոր բույսերն են նույն խնամքը պահանջում, եթե անգամ դրանք նույն տեսակի են: Տարածքի վայով թռչելով եւ ինֆրակարմիր սպեկտրում բույսերը նկարելով՝ դրոնը կարող է նկատել խնդիրները մինչեւ դրանք տեսանելի կլինեն անզեն աչքով: Այն կարող է ֆերմերին հուշել, որտեղ պետք է ավելի առատ ջրել, իսկ որտեղ ավելի շատ պարարտանյութ ավելացնել: Այսպիսով, դրոնը կարող է օգնել տնտեսել ժամանակը եւ միջոցները, քանի որ ջուրը, պարարտանյութերը, թունաքիմիկատները եւ այլ նյութերը կօգտագործվեն միայն տեղերում, որտեղ դրանք իսկապես անհրաժեշտ են:

 «Սա կոչվում է ճշգրիտ հողագործություն եւ ԱՄՆ-ի փորձը ցույց տվեց, որ այս եղանակով կարելի է 3 անգամ բարձրացնել հողագործության արդյունավետությունը: Հայաստանում էլ պետք է օգտագործել այս մոտեցումը», - ասաց հեղւնակը:

Sevan Startup Summit 2018-ին Բագրատ Ռաշոյանը եկել է ներդրողներ գտնելու հույսով. մի քանի նախատիպերի եւ վերջնական արտադրանքի ստեղծման համար նրան, իր հաշվարկներով, մոտ 40 հազար դոլար է պահանջվում: Հնարավոր ներդրողներին նա դեռ ցուցադրում է երրորդ նախատիպը, որը ստեղծվել է ապակեթելից՝ թեթեւ եւ ամուր նյութից, որն ապահովում է դրոնի ջրակայունությունը:

 «Նրան անձրեւը  չի խանգարի, այն կկարողանա ցանկացած եղանակին թռչել», - ասաց Ռաշոյանը:

Բագրատը չի հասցրել մինչեւ գագթաժողովն ամբողջությամբ ավարտել նախատիպը. պրոպելլերը եւ հատուկ սենսոր տեսախցիկը դեռ ամրացված չեն, բայց նայելով դրոնին, արդեն կարելի է պատկերացնել ինչպիսին այն կլինի մի քանի օրից, երբ բացակայող մասերը հավաքվեն:

Մյուս նախատիպը, ինչպես պատմեց Բագրատը, առանձնացվելու է մասերի եւ տեղավորվելու է ուսապարկում: Ավելին, այն կկարողանա ուղղահայաց օդ բարձրաբալ, ինչպես ուղղաթիռը, ինչը կհեշատցնի նրա հետ աշխատանքը, քանի որ հորիզոնական դիրքով բարձրանալու համար մեծ տարածք է պահանջվում:

Պատրաստի դրոնը, ըստ Բագրատի, մոտ 600-3000 դոլար կարժենա՝ կախված սարքավորումներից եւ նշանակությունից: Դրանով, նրա կարծիքով, կարող են հետաքրքրվել խողովակաշարերի վերանորոգմամբ զբաղվող խոշոր ընկերությունները, ինչպես նաեւ փրկարարները եւ ֆերմերները: