Ժնեւում հուլիսի 25-ին՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 64-րդ նստաշրջանում, սկսվել է Խոշտանգումների դեմ կոնվենցիայի շրջանակներում միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ Ռուսաստանի վեցերորդ պարբերական զեկույցի քննարկումը, հաղորդում է ՌԲԿ-ն:
Խոշտանգումների դեմ կոմիտեն նշել է, որ ռուսական պատվիրակությունը չի պատասխանել հանձնաժողովի բոլոր հարցերին եւ խախտումների քանակի վերաբերյալ վատ որակի վիճակագրություն է օգտագործում: Հանձնաժողովը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ քրեակատարողական հիմնարկներում դեռեւս լայնորեն կիրառվում են խոշտանգումները, իսկ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ակտիվությունը բարձր չէ: Ռուսական պատվիրակությունը պետք է մինչեւ հուլիսի 26-ը հանձնաժողովի հարցերին պաշտոնական պատասխան պատրաստի եւ ներկայացնի:
Հուլիսի 20-ին «Նովայա գազետա»-ն բանտարկյալ Եվգենի Մակարովի ծեծի վերաբերյալ տեսանյութ էր հրապարակել: Ըստ թերթի, կալանավորը ծեծվել էր 2017-ին: Տեսանյութի հրապարակումից հետո ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ, հուլիսի 23-ին քննիչները հաղորդել էին Յարոսլավի գաղութի 6 աշխատակիցների ձերբակալման մասին:











