Եթե երկրորդ նախագահի մեղադրանքի հիմքում այն տերմինաբանությունն է, որը եղել է մամուլի հաղորդագրությունում՝ կապված Միքայել Հարությունյանի հետ, ապա ես արդեն ասել եմ, որ ես այդտեղ որեւէ իրավական ոճ, լեզու չեմ տեսել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ նույն հաղորդագրությունը, գրեթե անփոփոխ, հնչել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված:

Նա նշեց, որ ավելի կոնկրետ չի կարող արձագանքել, քանի որ չունի մեղադրանք առաջադրելու որոշումը. «Կարծում եմ՝ փաստաբանները դրա մասին առանձին հանդես կգան: Ինչ է առկա մեղադրանքում, չեմ կարող պատասխանել, դրա համար ձեռնպահ կմնամ գնահատականներից»

Դավիթ Հարությունյանը ծայրաստիճան մտահոգիչ է համարում, որ երկրորդ նախագահը քրեական հետապնդման է ենթարկվում: «Դրա համար բազմաթիվ պատճառներ կան: Նախ, եթե իրավական լուրջ փաստարկներ լինեին, դրանք պետք է ներկայացված լինեին նաեւ մամուլի հաղորդագրության մեջ, որը չէր պարունակում իրավական տարրեր: Ավելին, ես այնտեղ տեսնում եմ շատ լուրջ սխալ մեկնաբանություններ՝ եւ օրենքի, եւ տերմինաբանության: Օրինակ, խոսվում է, որ բանակը կարող է օգտագործվել անվտանգության հարցերով եւ կարծում եմ, գոնե իմ մոտ այդ տպավորությունն է ստեղծվել, որ այդ նյութի հեղինակները ենթադրում են, որ ՀՀ անվտանգությունը միմիայն արտաքին սպառնալիքների մասին է: Իրականում դա այդպես չէ, բավական է մի քիչ խորանալ օրենքի մեջ եւ անմիջապես պարզ կդառնա, որ մեր անվտանգությունն ունի թե արտաքին, թե ներքին բաղադրիչ: Այդ առումով բանակի օգտագործումը թույլատրելի է նման իրավիճակներում»,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ ցանկացած իրավաբանի համար դժվարություն չի ներկայացնի բացել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որն ընդունվել է ավելի ուշ՝ 2012 թվականին, որը եւս հնարավորություն նախատեսում է զինված ուժերի օգտագործման արտակարգ դրության ժամանակ:

«Այդ օրենքի նախագիծը անցել է Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը եւ այդ առումով որեւէ առարկություն չի եղել: Նմանատիպ մոտեցում ամրագրված է բազմաթիվ երկրներում: Սրանք մտահոգությունների հիմքեր են»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 26-ին ՀՔԾ-ում «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան: Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Վերջինս այս պահին Հայաստանում չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս պահին դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդես է եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական վենդետա: