2010թ. աշխարհում վաճառվել է 300 մլն Windows 7-ի լիցենզիա։ Այս մասին ասված է Windows-ի պաշտոնական բլոգում։ «Մայքրոսոֆթ»-ի հաշվարկներով՝ Windows-ի այս տարբերակի արտոնագրված օրինակների վաճառված քանակը մոտավորապես հավասար է ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների տնային տնտեսությունների ընդհանուր քանակին՝ միասին վերցրած:
Թե ինչպիսին է Հայաստանում Windows 7-ի վաճառքը՝ փորձեցինք պարզել «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչությունից։
«Windows 7-ը հուսալի եւ արագագործ օպերացիոն համակարգ է, եւ ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս Windows 7-ը բեսթսելլեր է դարձել»,- NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ եթե մեկ տարի առաջ մարդիկ զգուշորեն էին վերաբերվում Windows 7-ին եւ նախընտրում էին Windows XP, ապա այժմ վիճակը բոլորովին փոխվել է։ Ներկայումս Հայաստանում բավականին պահանջարկ ունի ոչ միայն Windows 7-ի անգլերեն, այլեւ հայերեն տարբերակը։ Վերջինս արդեն իսկ կարելի է անվճար ներբերռնել «Մայքրոսոֆթ»-ի պաշտոնական վեբ կայքից, եթե առկա է Windows 7-ի անգլերեն տարբերակի արտոնագիրը:
Նշենք, որ Windows 7-ը հիմնական վաճառքի է հանվել 2009թ. հոկտեմբերին։





























