Նախորդ շաբաթ ԵԽԽՎ բյուրոյի նիստում «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Արցախի Հանրապետության՝ որպես ժողովրդավար երկրի կայացմանը վերաբերող հայտարարությունը հնչել է ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի՝ նիստը վարելու ժամանակ։

Փետրվարի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ինքը՝ Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով, հայտարարության տակ, հակառակ հայկական պատվիրակության ղեկավար  Դավիթ Հարությունյանի սպասելիքների, իրենց  ստորագրությունն են դրել 22 երկրների ներկայացուցիչներ։

«Հարությունյանը թերահավատություն հայտնեց, որ իմ նախաձեռնության տակ որեւէ մեկն առհասարակ կստորագրի։ Նրա գնահատմամբ, իմ հայտարարությունը գրված էր կացնային լեզվով։ Բայց այնպես ստացվեց, որ հայտարարությունը հաղթահարեց քվեարկությունը։ Սա իսկակական դիվանագիտական հաղթանակ էր։ Սակայն ցավալի է, որ իմ նախաձեռնությանը չմիացավ ռուսական պատվիրակությունը։ Սա, իհարկե, մտահոգող է, եւ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հետեւություններ անի այս փաստից։ Պատճառն, իհարկե, արտաքին գերատեսչության թերացումներն են»,- նկատեց Փոստանջյանը։

ԵԽԽՎ-ում հայկական  պատվիրակության անդամի խոսքով, Լեռնային Ղարաբաղի մասին պատրաստած իր հայտարարությունը, բացի տեղեկատվականից, նաեւ զուտ քարոզչական բնույթ ուներ։ «Այս փաստաթուղթն, իհարկե, հռչակագիր է, որը կարող է հետագայում հիմք դառնալ նմանօրինակ հիմնական փաստաթղթի»,- համոզմունք հայտնեց Փոստանջյանը՝ շեշտելով, որ դա լիովին կանխատեսելի կլինի, եթե հայկական պատվիրակությունն իսկապես լուրջ աշխատանքներ իրականացնի։

Նշենք, որ  ԵԽԽՎ-ի բյուրոյի նիստը տեղի է ունեցել անցած հինգշաբթի՝ ԵԽԽՎ ձմեռային  լիագումար նիստի շրջանակներում։