Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով ԵԽԽՎ-ն ունի ակնհայտ միակողմանի մոտեցում, որը տեսանելի է բոլորին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքները, հայտարարեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նա անդրադառնալով ԵԽԽՎ-ում ԼՂ ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսմանը եւ դրանցում ԼՂՀ ներկայացուցչի մասնակցությանը, հայտարարեց , թե միշտ փորձ է արվում հավասարության նշան դնել ԼՂՀ իշխանությունների եւ ինչ-որ մի համայնքի ինչ-որ ներկայացուցչի միջեւ:
«Այս մոտեցումը մեզ համար ընդունելի չէ: Մենք միշտ ասել ենք, որ ԼՂՀ-ն ինքնուրույն երրորդ կողմ է, եւ եթե դուք առաջարկում եք այդ երկու կողմերին (ԼՂՀ-ին եւ Ադրբեջանին) հրավիրել, ապա հրավիրեք նրանց եւ լսեք նրանց տեսակետը: Մենք չենք պատրաստվում ԼՂՀ իշխանությունների անունից մեզ վրա պատասխանատվություն վերցնել»,- ասաց նա:
Հարցին, թե հիասթափվա՞ծ է ԵԽ-ի աշխատանքներից, Դ. Հարությունյանը պատասխանեց, թե եթե խոսքը վերաբերում է ԵԽԽՎ-ի դերակատարմանը՝ ապա, ընդհանուր առմամբ, ոչ: Մինչդեռ, ըստ նրա, հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Վեհաժողովն ակնհայտ կողմնակալ գործելակերպ դրսեւորեց՝ վերաակտիվացնելով ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները: Հարությունյանը նաեւ նշեց Վեհաժողովի կողմից կատարված մեկ այլ կողմնակալ քայլ՝ ՀՀ հարցով համազեկուցող նշանակելով ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության նախկին ղեկավար Գորան Լիդբլադին, ով հետագայում հայտարարեց, թե մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի «կանտրակտային լոբբիստն է»: «Այս քայլով ԵԽԽՎ-ն իրեն խայտառակ արեց»,-հայտարարեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը:
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ԲՀԿ-ական անդամ նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ մոտ մեկ ամիս առաջ Լինդբլադը ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի կողմից պարգեւատրվել է շքանշանով:
Հիշեցնենք, որ Գորան Լինդբլադը այլեւս ՀՀ հարցով համազեկոցող չէ, քանի որ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընտրություններում չի ընտրվել Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր:





























