ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոքարկելու են հարազատների հետ նրա տեսակցությունների արգելքը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները:

«Ինչո՞ւ չեն թույլատրում տեսակցությունները, մեզ էլ է դա հետաքրքիր: Մենք նախաքննությանը խնդրել ենք ներկայացնել որոշման կրկնօրինակը: Հենց որ ստանանք, կբողոքարկենք»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Ռուբեն Սահակյանն էլ հավելեց, որ նման որոշում կար նաեւ Անդրիաս Ղուկասյանի գործով. «Ես կուզեի իմանալ՝ Քրեական օրենսգրքի ի՞նչ նորմով են ղեկավարվում, որ նման որոշում են կայացնում»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել. նա 2 ամսով կալանավորված է: ՀՀ երկրորդ նախագահի շահերի պաշտպանները խափանման միջոց կալանքը փոխելու պահանջով Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է: