ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն այսօր՝ օգսոստոսի 4-ին հրավիրվախծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ չի կարող մեկնաբանել 0038 հույժ գաղտնի հրամանը՝ հավելելով, որ դրա համար մի շարք պատճառներ կան:
«Ես չեմ կարող մեկնաբանել, ես ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել եւ գնահատականենր տալ, քանի որ այդ հրամանը ես չեմ կազմել, ես մասնագետ չեմ, ես չեմ լսել այն անձանց, ովքեր զբաղված են այդ հրամանը նախապատրաստելով, ստորագրել են եւ նախապատրաստվել են հրամանով նախատեսված գործողությունները կատարելուն: Միայն դրանից հետո կարելի է գնահատական տալ, հակառակ դեպքում՝ իմ եւ իմ գործընկերների տեսակետը կարող է, մեղմ ասած, սխալ լինել»,- ասաց նա:
Նշենք, որ օգոստոսի 3-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մանրամասներ էր հայտնել հույժ գաղտնի 0038 հրամանից եւ ասել էր, որ դա դեռ փետրվարի 23-ին է տրված եղել:
Անդրադառնալով քննչական գործողություններին Ռոբերտ Քոչարյանի չմասնակցելու մասին ՀՔԾ պետի մեկնաբանությանը՝ Ռուբեն Սահակյանն ասաց, որ ՀՔԾ պետն իրավունք չուներ քննադատել ՀՀ երկրորդ նախագահի օրինական գործողությունները:
«ՀՔԾ պետը համ ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել քննչական գործողությունների, դա հարիր չէ նրան, քանի որ ինքն ասել էր, որ պատրաստ է, հետո էլ հակառակն է ասում, որ Քոչարյանի իրավունքն է ցուցմունք չտալ եւ չմասնակցել քննչական գործողությունների: Ինչի՞ ես քննադատում Ռոբերտ Քոչարյանի օրինական գործողությունները, քեզ այդ իրավունքը ո՞վ է տվել: Մեր փաստաբանական խումբը համալրվել է եւս մեկ պաշտպանով, ես շատ գոհ եմ պարոն Խաչատրյանի ձեւակերպումներից, այնպես որ՝ սիրով նրան կընդունենք մեր պաշտպանական խումբ»,- վրդովվեց Ռուբեն Սահակյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել. նա 2 ամսով կալանավորված է: ՀՀ երկրորդ նախագահի շահերի պաշտպանները խափանման միջոց կալանքը փոխելու պահանջով Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է:
ՀՔԾ պետը մանրամասներ է ներկայացրել «հույժ գաղտնի 0038 հրամանի» մասին











