Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը հանդես է եկել Իրանի հետ վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման դեմ: Նրա կարծիքով Ադրբեջանի քաղաքացիների ազատ ելումուտն Իրան կարող է հանգեցնել Ադրբեջան  իսլամական հեղափոխություն արտահանելու փորձի:

«Եվս մեկ պատճառ, թե ինչու են Իրանի իշխանությունները ցանկանում վիզային ռեժիմի փոփոխություն, կայանում է թմրանյութերի արտահանման մեջ, ինչն ավելի վտանգավոր է»,- նշել է պատգամավորը եւ ներկայացրել պաշտոնական վիճակագրությունը:

«Ադրբեջանական դատարաններում քննարկվող քրեական գործերի 90 տոկոսից ավելին կապված են թմրանյութերի հետ, որոնք ընտանիքներ են քայքայում: Ուստի ես դեմ եմ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելուն»,- ասել է Օրուջը եւ կոչ է արել Ադրբեջանի քաղաքացիներին ընդհանրապես չգնալ Իրան, հաղորդում է SalamNews-ը: