ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին այս պահին մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
«Խոսքը միայն Հովիկ Աբրահամյանի մասին չէ, եթե որեւէ մեկին մեղադրանք առաջադրվի, այդ տեղեկությունը կհրապարակվի»,–ասաց նա։
Սասուն Խաչատրյանը պարզաբանեց նաեւ, որ Հովիկ Աբրահամյանի եղբայրը կասկածյալի կարգավիճակ ունի, կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ։
ՀՔԾ պետը պարզաբանեց նաեւ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքում հայտնաբերված զենքի եւ Մարտի 1-ի կապը. «Տեղեկություն կա, որ Մարտի 1-ին բացի կանոնավոր բանակից, ներքին զորքերից, եղել են նաեւ զինված խմբեր, նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը»։
Նա հավելեց, որ վարկած կա, որ զենքը կիրառել են Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները։ «Նման վարկած կա, որը պետք է ստուգվի նախաքննության ընթացքում»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվել է։
Հավելենք, որ օգոստոսի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գեւորգյանի անվամբ ձեւակերպված՝ ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք: Հովիկ Աբրահամյանի եղբայրը ձերբակալվել է։











