ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Թուրքիայի եւ Իրանի 6 քաղաքացիների եւ 5 ընկերությունների ընդգրկել է «սեւ ցուցակում»՝ Իսլամական Հանրապետության հրթիռաշինական արդյունաբերությանը ցուցաբերած աջակցության համար:
Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, նախարարության հայտարարության մեջ ասված է, որ աջակցությունը ցուցաբերվել է Իրանի ավիացիոն եւ տիեզերական արդյունաբերության պետական ընկերությանը, որը զբաղվում է հրթիռային համակարգերի զարգացմամբ: Այդ կառույցի հետ մոտ 7 միլիոն դոլարի ֆինանսական գործողություններ են կատարվել, մասնավորապես մետաղի, ալյումինի եւ մետաղական կոնստրուկցիաների առաքում է իրականացվել:
ԱՄՆ քաղաքացիներին եւ ընկերություններին արգելվել է կապեր հաստատել «սեւ ցուցակում» հայտնվածների հետ: Նաեւ սառեցվելու են այդ ընկերությունների ակտիվներն ամերիկյան բանկերում: «Սեւ ցուցակում» են Թուրքիայի երեք քաղաքացի եւ երկու ընկերություն:




























